- Գլխավոր
- Նորություններ
- ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՕՊՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հոկտեմբեր 03, 2018 | 17:46
Քաղաքականություն
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՕՊՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Այսօր Ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ գիտական խորհրդի նիստը, որի օրակարգում դեկանի ընտրության հարցն էր:
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար Օպտիկայի ամբիոնն առաջադրել է Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, օպտիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ասլանյանին, Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնն առաջադրել է նույն ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդանյանին, իսկ Օպտիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը ինքնաառաջադրվել է:
Նիստը նախագահում էր Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ատոմ Մուրադյանը:
Նիստին ներկա էր ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ով Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանին շնորհակալություն հայտնեց երկարատև գործունեության համար:
Մինչ ընտրություններին անցնելը թեկնածուները նախ ներկայացրին իրենց ծրագրերը՝ խոսելով ֆակուլտետում առկա ամենակարևոր խնդիրների մասին և առաջարկեցին դրանց լուծման տարբերակները:
Առաջինը ելույթն ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, օպտիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ասլանյանը: Լ. Ասլանյանը ներկայացրեց ֆակուլտետի անցած ուղին:
Նրա խոսքով, ֆակուլտետի լավագույն ավանդույթները վերականգնելու համար անհրաժեշտ է Ուսանողական խորհրդի, ՈՒԳԸ-ի և դեկանատի աշխատանքների կոորդինացում:
«Պետք է ընդարձակել ՈՒԳԸ-ի աշխատանքները՝ ներգրավվելով դպրոցների աշակերտներին, ինչպես նաև կազմակերպել միասնական ուսանողական և աշակերտական գիտահանրամատչելի գիտաժողովներ»,- ասաց նա:
Նրա խոսքով, ֆակուլտետի միջազգային համագործակցությունը նույնպես լայն աշխարհագրություն ունի, սակայն այդ համագործակցությունը հիմնականում սահմանափակվում է գիտական հետազոտություններով:
«Ֆակուլտետի և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատանքները պետք է նպատակաուղղված լինեն միջազգայնացմանը՝ հարևան և հեռավոր երկրների ուսանողներին ներգրավելու միջոցով: Այս ուղղությամբ, ցավոք սրտի, դեռևս աշխատանքներն անբավարար են»,-նկատեց նա:
Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արշակ Վարդանյանը ներկայացնելով իր ծրագրային ելույթը՝ նշեց, որ գիտական արտադրանքի առումով Ֆիզիկայի ֆակուլտետը մնում է ԵՊՀ ամենահզոր գիտակրթական միավորը. «Ֆիզիկան բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հենքն է: Պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժության և համակարգչային մոդելավորման օգտագործման շնորհիվ դեռևս պահպանում է հիմնարար գիտելիքի մատուցման հնարավորությունը»:
Ըստ Արշակ Վարդանյանի՝ առաջնահերթ խնդիր է ֆակուլտետի ուսումնատեխնիկական բազայի նորացումը: «Հաշվի առնելով ֆիզիկայի զարգացման բարձր տեմպը՝ պետք է մշտապես դիտարկել «Ֆիզիկա» մասնագիտության հետ զուգընթաց ֆիզիկայի հենքի վրա դինամիկ զարգացող նոր մասնագիտություններով ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունը»,- հավելեց նա և նշեց, որ հիմնարար գիտելիքի խորացված և բարձրակարգ մատուցումը կարող է ապահովել օտարերկրյա դիմորդների հոսք դեպի Ֆիզիկայի ֆակուլտետ:
Օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանն ողջունեց գործընկերներին և մինչ նախընտրական ծրագիրը ներկայացնելը պարզաբանեց ֆակուլտետի դեկանի պաշտոնին հավակնելու իր որոշումը:
«Պետք է խոստովանել, որ վերջին շրջանում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ֆակուլտետի հեղինակությունը որոշակի անկում է ապրել: Այսօր ֆակուլտետը չունի այն երբեմնի հեղինակությունը: Խոշոր բացթողումներից են «Կիրառական մաթեմատիկա» և «Ֆիզիկա» բաժինների լիկվիդացումը»,- ասաց նա և հավելեց, որ ընտրվելու դեպքում հնարավորության սահմաններում պատրաստվում է անել ամեն ինչ ֆակուլտետի կրթական և գիտական խնդիրների լուծման ուղղությամբ:
Ըստ Ռաֆիկ Հակոբյանի՝ ֆակուլտետում իրականացվող բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի բովանդակությունն անհրաժեշտ է համապատասխանացնել աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին և մրցունակությանը. «Ուսուցման պրոցեսին պետք է տալ նորարական բնույթ, բարձրացնել ուսանողների նորարական ունակությունները, օգտագործել աշխարհի առաջատար բուհերի բազմամյա փորձը»:
Բանախոսի կարծիքով, Ֆիզիկայի ֆակուլտետի ուսխորհրդի կամ այլ ուսանողական խմբերի հետ պետք է հաճախակի քննարկել կրթական ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման հետ կապված իրենց պատկերացումները. «Տոկոսային առումով պետք է բարձրացնել նաև Ֆիզիկայի ֆակուլտետի ուսումնական լաբորատորիաներում կատարվող գիտահետազոտական ուսումնասիրությունների քանակը»:
Ռաֆիկ Հակոբյանի խոսքով, պետք է ակտիվացնել ուսումնական ձեռնարկների, ինչպես նաև դասընթացների դասախոսությունների տպագրության երաշխավորումները՝ մեծ տեղ հատկացնելով էլեկտրոնային դասագրքերին:
«Անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել ֆակուլտետում նորարարական լաբորատորիաներ ստեղծելու համար: Պետք է լրջորեն զբաղվել հետազոտական համալսարան ունենալու ուղղությամբ»,- ասաց նա:
Փակ ու գաղտնի քվեարկությամբ 18 կողմ ձայնով դեկան ընտրվեց Օպտիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը:
Նշենք, որ գիտական խորհրդի նիստին ներկա էր 31 անդամ, որից 18-ը քվեարկել են Ռաֆիկ Հակոբյանի օգտին, 6-ը՝ Լևոն Ասլանյանի, 4-ն էլ՝ Արշակ Վարդանյանի: Երկու ձայն ճանաչվել է անվավեր, արձանագրվել է նաև 1 դեմ բոլոր թեկնածուներին:
Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։
Նադեժդա Տեր-Աբրահամյան