- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 21, 2018 | 14:38
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի բացումը: Այն ԵՊՀ-ում անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ-ի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: Նշենք, որ մաթեմատիկոս ուսանողների համար Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցը ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ, որը կտևի մինչև մայիսի 25-ը ներառյալ:
Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցին մասնակցում են Իրանից, Հնդկաստանից, Իրաքից, Սիրիայից ժամանած մոտ երկու տասնյակ ուսանողներ, ինչպես նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում սովորող 20-ից ավելի ուսանողներ:
Դասախոսություններով հանդես են գալու Իտալիայից, Հոլանդիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից ժամանած 5 պրոֆեսորներ: Յուրի Մովսիսյանը հայտնեց, որ արտերկրից ժամանած պրոֆեսորները համարվում են Էմիլ Արթինի գիտական ժառանգության ուղղությունների գծով հիմնական մասնագետներ՝ հանրահաշվից, երկրաչափությունից, տոպոլոգիայից, թվերի տեսությունից, հանրահաշվական երկրաչափությունից:
Յուրի Մովսիսյանի խոսքով, միջազգային դպրոցի հիմնական նպատակն է տաղանդավոր մաթեմատիկոս ուսանողներին ծանոթացնել Էմիլ Արթինի գիտական մաթեմատիկական ուղղությունների հետ, ինչպես նաև նպաստել Հայաստանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը մաթեմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար: «Այսպիսի մեծ հետաքրքրության պատճառն այն է, որ Էմիլ Արթինը համարվում է 20-րդ դարի մաթեմատիկայի ոլորտի դասականներից մեկը, որի արդյունքներն այժմ ակտիվորեն կիրառվում են նաև համակարգչային գիտության մեջ»,- հավելեց նա:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ, Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի կազմակերպիչ Սերգեյ Դավիդովի խոսքով, արտերկրից ժամանած պրոֆեսորները հանդես են գալու այնպիսի թեմաներով, որոնք ընդգրկված չեն բուհական ուսումնական ծրագրերում, և դրանք կնպաստեն ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը: Միջազգային այս դպրոցի նպատակն է շահագրգռել երիտասարդ մասնագետներին զբաղվելու մաթեմատիկական գիտություններով:
Նադեժդա Տեր-Աբրահամյան