- Գլխավոր
- Նորություններ
- «ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐ. ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ». ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ
Հոկտեմբեր 25, 2018 | 19:07
Գիտություն
«ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐ. ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ». ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ
Մանրէաբանական հայկական ասոցիացիան և ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը կազմակերպել են «Էքստրեմոֆիլներ. Պատուհան դեպի ապագա» երիտասարդ գիտնականների դպրոցը, որի երկրորդ դասը տեղի ունեցավ այսօր:
Նշենք, որ գիտնականների դպրոցը կազմակերպվում է Միկրոբիոլոգիական Եվրոպական կազմակերպության ֆեդերացիայի («Federation of European Microbiological Societies» (FEMS)) աջակցությամբ:
Դպրոցն իր աշխատանքը սկսել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում: Ծրագրի համաձայն՝ երկրորդ օրը դասախոսություններ են ընթանում համալսարանում, իսկ երրորդ օրը աշխատանքներ են անցկացվելու «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում, որտեղ մասնակիցները պրակտիկ ծանոթություն են ունենալու մարէաբանական արտադրությանը:
Երիտասարդ գիտնականների դպրոցին մասնակցում են ուսանողներ տարբեր բուհերից: Նախատեսվում են էքստրեմոֆիլներին նվիրված դասախոսություններ, որոնց նպատակն է ուսանողներին ներգրավել գիտության մեջ և կարևորել էքստրեմոֆիլների նշանակությունը:
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Այնուհետև Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն և Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը: Նա նշեց, որ այս կենտրոնի նպատակն է մանրէաբանական և կենսատեխնոլոգիական ոլորտում կրթության որակի բարձրացումը Հայաստանում:
Դպրոցի մասնակիցների համար կազմակերպվեց այցելություն Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն:
«Կենտրոնում կան բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները կենսատեխնոլոգիական ցիկլը ապահովելու համար, և բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն իրականացնել իրենց նորարարական գաղափարների լաբարատոր թեստավորումները», - ասաց Կ. Թռչունյանը:
Մանրէաբանական հայկական ասոցիացիայի նախագահ Նարինե Վարդանյանն ասաց, որ դպրոցի նպատակը երիտասարդության շրջանում մանրէաբանական գիտելիքների տարածումն է, նրանց առաջխաղացմանը նպաստելն ու գիտության ժամանակակից հաջողություններին տեղյակ պահելը:
«Մանրէաբանական հայկական ասոցացիան պատրաստել է սերտեֆիկատներ բոլոր մասնակիցների համար, որոնք վաղը հանդիսավոր պայմաններում հանձնվելու են նրանց», - ասաց Նարինե Վարդանյանը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցետ Հովիկ Փանոսյանը «Հայաստանի էքստրեմոֆիլներ» թեմայով դասախոսություն կարդաց:
«Էքստրեմոֆիլները կարող են ապրել ամենածայրահեղ պայմաներում: Դրանց մասին գիտելիքները կարող են ծառայել ամենատարբեր բնագավառներում», - նշեց պարոն Փանոսյանը:
«Ջրածնի արտադրությունը բակտերիաներում» վերնագրով դասախոսություն կարդաց Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը: Նա նշեց, որ սա շատ արդիական հարց է, քանի որ ջրածինն ունի բավականաչափ լայն կիրառություն էլեկտրականության, պլաստիկ նյութերի, ապակու արտադրության մեջ և այլ տարբեր ոլորտներում:
Նշենք, որ «Էքստրեմոֆիլներ. Պատուհան դեպի ապագա» երիտասարդ գիտնականների դպրոցը նվիրված է ՀՀ ԳԱԱ 75-ամյակին:
Մարինե Առաքելյան