- Գլխավոր
- Նորություններ
- ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 06, 2018 | 17:36
Հասարակություն
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնն այսօր նախաձեռնել էր հանդիպում Վարշավայի համալսարանի ներկայացուցիչ Մագդալենա Կոնդասի հետ:
Այս տարի ԵՊՀ ԳՀԱԿ-ում իրականացրել է կանանց սոցիալական ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ ուսումնասիրություններ:
Մագդալենա Կոնդասը հանդիպման ժամանակ նշեց, որ սոցիալական ձեռնարկատիրությունը թե՛ որպես պրակտիկա և թե՛ որպես հասկացություն վերջին տարիներին լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտների մասնագետների կողմից: Հյուրը մասնակիցներին ներկայացրեց նաև համեմատական հետազոտության արդյունքները:
Խոսելով Լեհաստանի փորձի մասին՝ բանախոսը շեշտեց, որ շատ կարևոր է հաշվի առնել Եվրոպական միության գործոնը և վերջինիս կանոնադրությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս սերտորեն համագործակցելու միմյանց հետ, ինչպես նաև իրականացնելու փորձի փոխանակում. «Մեզ համար շատ հետաքրքիր է Հայաստանում նմանատիպ հետազոտություն անցկացնելը: Այն և՛ փորձի փոխանակում է, և՛ գիտելիքների ձեռքբերում: Պետք է նշել, որ կանայք այս ոլորտում հատկապես վերջին տարիներին սկսել են բավականին ակտիվ գործունեություն ծավալել»:
Հայաստանյան ձեռնարկատիրական իրականությունը ներկայացնելիս բանախոսը շեշտեց, որ ամենահետաքրքիրը Հայաստանում այն է, որ կինը, մասնագիտությամբ ուսուցչուհի լինելով, եթե աշխատաշուկայում համապատասխան աշխատանք չի գտնում, ապա նրան հաճախ «դրդում» են զբաղվել գյուղատնտեսությամբ:
«Իմ հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց մեծամասնությունն ունի բարձրագույն կրթություն: Այս մոտեցումը ես սխալ եմ համարում, քանի որ բարձրագույն կրթություն ունեցող կինը չպետք է մոռանա իր կրթության մասին և իրեն նվիրի գյուղատնտեսությանը»,- մտահոգություն հայտնեց Մագդալենա Կոնդասին:
Մագդալենա Կոնդասի նախորդ հետազոտության թեման եղել է Լեհաստանի և Պաղեստինի սոցիալական ձեռնարկատիրության պրակտիկաները:
Բանախոսն իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքներին, այլև ներկայացրեց այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են կանայք, ինչպես նաև խոսեց այդ խնդիրների հաղթահարման հաջողված օրինակների մասին: