- Գլխավոր
- Նորություններ
- ՔԱՐՈԶ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԿԱՐԵՆ ՅԵՊՊԵԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 12, 2019 | 15:27
Հասարակություն
ՔԱՐՈԶ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԿԱՐԵՆ ՅԵՊՊԵԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն այսօր հյուրընկալել էր Լեփսիուսի տուն-թանգարանի աշխատակից Ռոյ Կնոկեին:
Հանդիպման ընթացքում Ռոյ Կնոկեն ուսանողներին և դասախոսներին ներկայացրեց 20-ականների սկզբին ավելի հայտնի ու տարածված քարոզչամիջոցները, գովազդային մարտավարությունը, որոնցով մարդկանց կոչ էր արվում մարդասիրական գործընթացի մի մասը դառնալու:
Այնուհետև բանախոսն անդրադարձավ դանիացի միսիոներ և սոցիալական աշխատող Կարեն Յեպպեի մարդասիրական գործունեությանը:
Սկզբում Ռոյ Կնոկեն ներկաներին ցույց տվեց 1920-ականներին տպագրված թերթի օրինակ, որի մեջ ներկայացված նյութը Հալեպում տեղ հասած մարդասիրական օգնության մասին էր՝ համալրված համապատասխան նկարներով:
«Նմանօրինակ մարդասիրական քարոզչությունը սկսվում էր թերթերից և գրքերից, որտեղ գրվում էին հոդվածներ նկարներով, այնուհետև օգտագործվում էին նաև օրացույցներ,- փաստեց բանախոսը,- ավելի ուշ սկսվեց հաջորդական նկարների ցուցադրումը, ինչպես նաև մեծ ձևաչափով հայտարարությունների տեղադրումը թերթերում, իսկ հետո՝ 1920-ականներից սկսած, սկսվեց թեմատիկ փոքրիկ տեսանյութի պատրաստումը»:
Այդ նյութերում նվիրատուներին և բարերարներին ներկայացվում էր նաև հաշվետվություն, թե որտեղ և ինչպես է ծախսվում նվիրաբերած գումարը:
Բանախոսը ներկաներին ցուցադրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արխիվում 2015 թվականին գտած տեսանյութն այն մասին, թե ինչպես է կոչ արվում գերմանացի ժողովրդին օգնել Հալեպում ապրող հայ որբերին:
Այդ գործում իր մեծ ներդրումն է ունեցել Կարեն Յեպպեն, որը, տեսնելով Առաջին աշխարհամարտի ընթացքում իրականացրած ոճրագործություններն ու ունենալով ծանր հոգեբանական ապրումներ, մեկնում է Դանիա, բայց 1921 թվականին վերադառնում է Հալեպ, որտեղ ակտիվորեն սկսում է զբաղվել Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնություն ցուցաբերելով։
Տեսանյութում հստակ երևում է 1920-ականների Հալեպը, որտեղ և ուղևորվում են բարերարների կողմից նվերներով բեռնված էշերը: Այնտեղ կարելի է տեսնել նաև Կարեն Յեպպեին, որն օգնում է դասդասել իրերն ու հաշվետվությունների մատյանում գրառումներ է կատարում:
Նշենք, որ տեսանյութն ամենայն հավանականությամբ ունի նաև առաջին հատված, որը մինչ օրս չեն գտել:
Անդրադառնալով այն հարցին, թե քանի հայ երեխաներ են Կարեն Յեպպեի հիմնած մարդասիրական ճամբարում ապրել, բանախոսը պատասխանեց ՝մոտ 600-ից 700. «Այս թիվը փոփոխական է, քանի որ մարդասիրական ճամբարում երեխաների քանակն անընդհատ ավելանալու կամ պակասելու միտում ուներ՝ պայմանավորված որդեգրման կամ հարազատներին գտնելու գործընթացով»:
Ըստ բանախոսի՝ նմանաբնույթ տեսանյութերը ցուցադրվում էին եկեղեցիներում, ինչպես նաև հատուկ միջոցառումների ժամանակ:
Հանդիպման վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերը տվեցին բանախոսին:
Անի Պողոսյան