- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԳՈՐԾԵԼ ՍՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Դեկտեմբեր 10, 2019 | 16:16
ՈՒՍԱՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԳՈՐԾԵԼ ՍՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնում այսօր անցկացվել է կիսամյակային հերթական ուսումնավարժանքը:
Կիսամյակային ուսումնավարժանքի ծրագիրը Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասապրոցեսի բաղկացուցիչ մասն է, որի ընթացքում ուսանողները գործում են՝ ըստ նախօրոք հայտնի սցենարի:
Նմանաբնույթ ուսումնավարժանքների նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը կարևորեց այսօրինակ ուսումնավարժությունների անցկացումը. «Ուսանողը պետք է սովորի գործել սուր իրավիճակներում, որպեսզի կարողանա միշտ ապահովել բնակչության պաշտպանությունը»:
Ուսումնավարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով, և վարժանքի մասնակիցները պետք է ուսանողներին ու դասախոսներին տարհանեին:
Ըստ սցենարի՝ տարհանման ընթացքում ոմանք ստացել էին վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ և այլն:
Հարկ է նշել, որ «Քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» առարկան, որի շրջանակում իրականացվում է ուսումնավարժանքը, բաղկացած է 3 հիմնական մասերից՝ արտակարգ իրավիճակներ խաղաղ պայմաններում, քաղաքացիական պաշտպանություն՝ պատերազմական իրավիճակներում և առաջին բուժօգնության տրամադրում՝ երկու իրավիճակներում էլ:
«Մենք շատ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ուսանողը ձեռք բերի որոշակի հմտություններ,- նշեց ամբիոնի վարիչը,- դա է պատճառը, որ ես ցանկացա, բացի տեսական մասից, անցկացվեն նաև գործնական պարապմունքներ, ուսումնական վարժություններ: Ուսանողներն իրենց գիտելիքները պետք է կարողանան կիրառել լուրջ իրավիճակներում»:
Ուսումնավարժանքի այսօրվա թեման հրդեհն էր:
Հիշեցնենք, որ տուժածների, նրանց տարհանողների ու օգնություն ցուցաբերողների դերում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն էին: