- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
Դեկտեմբեր 03, 2018 | 17:54
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պատմագետների դպրոց-2018» խորագրով մասնագիտական հնգօրյա դպրոցի բացումը:
Մասնագիտական դպրոցի նպատակն է թեմատիկ դասընթացների միջոցով նպաստել պատմագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը:
Դպրոցի կազմակերպման և անցկացման աշխատանքները իրականացվել են «Հայաստանի պատմագետների միություն» (ՀՊՄ) հասարակական կազմակերպության կողմից: Այն բոլոր թեմաները, որոնք ներկայացվելու են դասընթացի ժամանակ բազմաշերտ են և ունեն ոչ լսարանային բնույթ:
Հատկանշական է նաև այն, որ նմանօրինակ միջոցառումները կապ են ստեղծում հասարակության և պատմաբանների միջև, ինչն էլ հնարավորություն է տալիս քննարկվող թեմայի վերաբերյալ հարցադրումներ կատարելու և փորձելու լուծումներ առաջարկել:
Դպրոցի բացման առաջին օրը դասախոսությամբ հանդես եկավ «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը:
Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանում պատմության զարգացման միտումներն արդի փուլում» խորագրով զեկուցումը, որի շրջանակում բանախոսն անդրադարձավ հայոց պատմության մեկնաբանման գործընթացին՝ ըստ պատմական փուլերի:
«Պետք է նշել, որ Հայաստանի պատմության զարգացման արդի փուլերում «նորաձև» թեմաները շատ փոփոխական են,- նշում է բանախոսը և հավելում,- 2000-ականներին նորաձև էր հնագիտական ուսումնասիրություն կատարել մինչև բրոնզեդարյան շրջանը, իսկ այն հետազոտությունները, որոնք վերաբերում էին բուն հայոց պատմությանը, դեռևս հետազոտողների շրջանում այդքան տարածված չէին, ինչն այսօր միտում ունի փոխվելու»:
Սփյուռքագիտությունը, հայագիտությունը, ցեղասպանագիտությունը ստեղծում են ուսումնասիրության այն հարթակները, որոնք աստիճանաբար ավելի շատ հետազոտողներ են ներառում:
Ըստ բանախոսի՝ հետազոտական թեմաներ ընտրելիս պետք է հաշվի առնել թեմայի արդիականությունը, քանի որ թեմայի ճիշտ ընտրությունը հնարավորություն է տալիս այն լայնորեն քննարկելու գիտական և ակադեմիական դաշտում:
Անի Պողոսյան