- Գլխավոր
- Նորություններ
- ԵԱՀԿ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 04, 2018 | 21:29
Քաղաքականություն
ԵԱՀԿ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» Հայաստանի նախաձեռնությամբ և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ «ԵԱՀԿ պատմական դերը տարածաշրջանային կառավարման մեջ» խորագրով հանրային դասախոսություն: Դասախոսության բանախոսն էր Պրահայում ԵԱՀԿ փաստաթղթային կենտրոնի ղեկավար, չեխ դիվանագետ Յան Պլեշինգերը։
Դասախոսությանը ներկա էին քաղաքագիտությամբ, պատմության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերով հետաքրքրված տարբեր համալսարաններից ուսանողներ և երիտասարդ հետազոտողներ:
Ներկայացնելով ԵԱՀԿ-ն՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, բանախոսը նշեց, որ այն տարածաշրջանի անվտանգության ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: ԵԱՀԿ-ի կազմի մեջ են 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներն ունեն հավասար կարգավիճակ։
ԵԱՀԿ-ն համընդհանուր արժեքների շուրջ քաղաքական երկխոսության և երկարաժամկետ ձեռքբերումներին միտված գործնական աշխատանքների միջոցով իր գործունեությունն է ծավալում՝ ապահովելով խաղաղություն, ժողովրդավարություն, կայունություն ավելի քան մեկ միլիարդ մարդու համար։
Կազմակերպության առաքելությունն է տարածաշրջանում կանխել ծագող հակամարտությունները: Կանխման և կարգավորման հիմնական միջոցներն են զինամթերքների տարածման վերահսկումը, դիվանագիտական ջանքերը՝ հակամարտությունները կարգավորելու համար, փոխվստահության և անվտանգության պայմանների ստեղծումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դեմոկրատական ինստիտուտների ստեղծումը, ինչպես նաև ընտրությունների մոնիտորինգը, տնտեսական և էկոլոգիական անվտանգության ապահովումը:
Իր մասնագիտական կառույցների, փորձագիտական ստորաբաժանումների, դաշտային առաքելությունների ցանցի միջոցով ԵԱՀԿ-ն զբաղվում է համընդհանուր անվտանգության վրա ազդեցություն ունեցող հարցերով, այդ թվում նաև զինամթերքի վերահսկողություն, ահաբեկչություն, հմուտ կառավարում, էներգետիկ անվտանգություն, մարդկանց թրաֆիքինգ, ժողովրդավարացում, մամուլի ազատություն, ազգային փոքրամասնությունների իրավունքներ:
Խոսելով Պրահայում ԵԱՀԿ փաստաթղթային կենտրոնի մասին՝ Յան Պլեշինգերը պատմեց, որ այստեղ են պահվում արխիվային տարբեր նյութեր, ձայնագրություններ։ Կենտրոնը դրանք հասանելի է դարձնում երիտասարդ հետազոտողներին և գիտնականներին․ այն բաց է համագործակցության համար։
Ներկայացնելով տարածաշրջանային կոնֆլիկտները՝ Պլեշինգերը նշեց, որ հաճախ դժվարություններ են առաջանում բանակցությունների ժամանակ, քանի որ միևնույն երևույթները հաճախ տարբեր մեկնաբանություն են ստանում, ի հայտ են գալիս տարբեր գեոպոլիտիկ շահեր։ «Մենք չենք կարող ուղղակի դադարեցնել ստեղծված կոնֆլիկտը»,- հավելեց դիվանագետը։
Ըստ նրա՝ երբեմն նաև այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կոնֆլիկտի հաղթահարման մեջ ամենամեծ հետաքրքրությունն ունի հենց ԵԱՀԿ-ն․ դրա պատճառն այն է, որ կողմերը հաճախ պատրաստ չեն երկխոսության և փոխզիջումների։
Դասախոսությունից հետո՝ նախատեսված հանրային քննարկման ընթացքում, ներկաները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը և փոխանակվեցին դիտարկումներով:
Մարի Ռաֆյան