- Գլխավոր
- Նորություններ
- ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Դեկտեմբեր 17, 2018 | 14:51
Հասարակություն
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
- Պարո՛ն Ղուշչյան, քանի՞ տարի է, որ այս ֆակուլտետում եք:
- Ֆակուլտետի հիմնադրումից էլ դեռ մեկ տարի առաջ հրավիրված էի Կրոնների ամբիոնի կողմից իբրև ասպիրանտ, հետո Շահե Սրբազանի հետ, միացյալ ուժերով հիմնել ենք Աստվածաբանության ֆակուլտետը: Առաջին տարում մեր ֆակուլտետ ընդունվել է 25 ուսանող (նրանց մեծ մասն այսօր ֆակուլտետի դասախոսներ են), երկրորդ տարվանից սկսած՝ 70-75 հոգի:
- Կհիշե՞ք ֆակուլտետի բացման միջոցառումը:
- 1995 թ.-ի սեպտեմբերի 15-ը կամ 16-ն էր: Դասերը սկսել էինք սեպտեմբերի մեկին Արևելագիտության ֆակուլտետում մեզ հատկացված 2-3 լսարաններում, որից հետո՝ 2 շաբաթ անց, տեղափոխվել ենք մեր մասնաշենք:
- Կարո՞ղ ենք փաստել, որ 6-րդ մասնաշենքի (Սև շենքի) առաջին ֆակուլտետն ենք:
- Սև շենքի առաջին ֆակուլտետն ենք, վերաբացվելուց հետո պատմական համալսարանի պատմական շենքի առաջին ֆակուլտետը, որից հետո այստեղ տեղափոխվեցին Պատմության, Տնտեսագիտության ֆակուլտետները, և որոշ ժամանակ անց կառուցվեց նաև Հայ բանասիրության ֆակուլտետի այսօրվա մասնաշենքը:
- Ո՞րն է ամենահիշարժան օրը ֆակուլտետի պատմության մեջ:
- Ամենահիշարժանը հենց ֆակուլտետի ստեղծումն էր, քանի որ սա եզակի երևույթ էր նախկին սովետական պետությունների մեջ: Ֆակուլտետը բացվեց նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի համաձայնությամբ, ԵՊՀ ռեկտորատի շատ վիճահարույց քննարկումների արդյունքում, քանզի կար կոմունիստական մտածելակերպը, և չէին հասկանում, թե ինչ ասել է Աստվածաբանության ֆակուլտետ:
- Լավագույն պահը, որ Դուք ապրել եք ֆակուլտետում:
- Այդ պահերը շատ-շատ են եղել՝ հատկապես բացման առաջին տարիներին, որովհետև մեր ներդրած ջանքերը, գործունեությունը և ամեն ինչ ֆակուլտետի կայացման համար էին: Ես՝ իբրև Սրբազանի (առաջին դեկանի) օգնական և համախոհ, ինչպես նաև պրն. Քալաշյանը մեծ խանդավառությամբ էինք մտնում ֆակուլտետ: Մենք երեքս առավոտյան ժամը 7:30-ից այստեղ էինք մինչև ժամը 22:00-23:00-ն:
- Ովքե՞ր էին ներկա ֆակուլտետի բացմանը:
- Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, երկրի վարչապետը, պետության գրեթե բոլոր նախարարները, որոնք այդ պահին մեզ համար հեղինակություն էին, քանի որ մեր իղձերի, փափագների, ձգտումների իրականացնողի դերում էին:
- Ուսանողների արձագանքը, երբ առաջին անգամ լսարան էիք մտնում սքեմով:
- Նախ լսարան մտել եմ մինչ ֆակուլտետի կազմավորումը, երբ դեռ ասպիրանտ էի Կրոնների պատմության և տեսության ամբիոնում, շատ մեծ էր հետաքրքրությունը, ակնածանքով, շատ հետաքրքիր հարցերի տարափով, առավել ևս, երբ իմանում էին, որ ԵՊՀ շրջանավարտ եմ:
- Ի՞նչը նպաստեց գնալ Էջմիածնի հոգևոր ճեմարան:
- Խիստ անհատական, անձնական ապրված մի պահ էր:
- Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները ….
- Մենք մի ընտանիք ենք, միշտ եղել ենք մի ընտանիք, որին մեծ նպաստ են բերել բոլոր ուխտագնացությունները, ճամփորդությունները, հավաքները, որոնք միշտ եղել են նախկին դեկանի օրոք, և կիսամյակում նվազագույնը 2-3 ուխտագնացություն ենք ունեցել ֆակուլտետի ողջ կազմով: Ունեցել ենք ֆակուլտետում չմկրտված ուսանողների մկրտություններ, անգամ Շահե Սրբազանը մասնակցում էր ճաշի պատրաստմանը:
- Փոփոխություն, որ նկատում եք ամեն տարի ….
- Դրանք ընդհանուր փոփոխություններ են, որոնք միայն մեր ֆակուլտետին չէ, որ վերաբերում են, հիմնականում մեր միասնական ընտանիք գաղափարը չի փոփոխվում:
- Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողն աշխատանքային ի՞նչ հնարավորություններ ունի:
- Պետք է հասկանալ, թե ինչ է աստվածաբանությունն իրենից ներկայացնում: Մենք մի ազգ ենք, որն անընդհատ շեշտադրում է իր առաջին քրիստոնյա ազգ և պետություն լինելը: Այս ամենը բաժակաճառի մակարդակով չպետք է լինի, այլ պետք է լինի գիտակցական մակարդակով, որ անկախ նրանից, թե ինչ մասնագետ ենք, պարտավոր ենք իմանալ, թե որ կրոնի հետևորդ ենք, ու որն է մեր առանձնահատկությունը: Այս ֆակուլտետի շրջանավարտներին մենք ի սկզբանե նախապատրաստում էինք հանրակրթական դպրոցներում հայ եկեղեցու պատմություն կամ կրոնների պատմություն առարկայի դասավանդման համար, քանի որ հայ եկեղեցու պատմությունը ռազմավարական գիտելիք է հայերիս համար:
- Կա՞ն ուսանողներ, որոնք աշխատում են Մատենադարանում:
- Մենք ունենք ուսանողների մի ստվար խումբ, որոնք աշխատում են Մատենադարանում, մեր ուսանողները համագործակցում են նաև Մայր աթոռի կրթական դաստիարակության կենտրոնի հետ, ունենք նաև ուսուցիչների մի ստվար խումբ, որոնք դասավանդում են տարբեր դպրոցներում:
- Դասախոսն ուսանողի….
- Հոգևոր հայրն է կամ հոգևոր մայրը (ժպտում է), ուսանողին ճշմարտության մեջ ուղղորդողն է:
Մարիամ Աբրահամյան