- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Սեպտեմբեր 18, 2021 | 13:39
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը, ողջունելով ԵՊՀ պատվիրակության այցը, հույս հայտնեց, որ այն նպատակները, որոնց իրագործման համար կազմակերպվել է այս այցելությունը, հաջողությամբ կիրականացվեն։
«Գիտեմ, որ ձեր նպատակներից են կրթության բնագավառում համագործակցության ամրապնդումը և օրակարգային ամենակարևոր խնդիրներից մեկը` բնակարանաշինությունը, որի ուղղությամբ էլ լավ նորություններ կան», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փաստեց, որ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակվելուց հետո իր և իր թիմի նախաձեռնած առաջին քայլը «100 տուն Արցախում» նախագծին միանալն էր` այդպիսով փորձելով կոչ անել մյուս բուհերին և կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Արցախի բնակարանաշինության և սոցիալական այլ խնդիրների լուծման գործում։
«Այս քայլով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Արցախը պետք է ապրի, պետք է զորանա, և որ Արցախ-Հայաստան միասնությունն ու հայ ժողովրդի միասնականությունն այլընտրանք չունեն»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունն այցելել է նաև Արցախի պետական համալսարան և պատրաստ է էլ ավելի սերտացնել համագործակցությունը. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Արցախի զարգացման համար»։
Քնար Միսակյան