- Գլխավոր
- Նորություններ
- ԵՍ ԱՐԺԱՆԻ ՉԵՄ. ԻՆՔՆԱԿՈՉԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Դեկտեմբեր 21, 2018 | 13:49
Հասարակություն
ԵՍ ԱՐԺԱՆԻ ՉԵՄ. ԻՆՔՆԱԿՈՉԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
«TED» հիմնադրամի համաժողովներն աչքի են ընկնում յուրահատուկ ելույթներով։ «Տարածման արժանի գաղափարներ» (Ideas worth spreading) կարգախոսի ներքո մարդիկ կիսվում են սեփական փորձով, հետաքրքիր գաղափարներով, ոգեշնչում և ոգեշնչվում։
Դերասանուհի Էլիզաբեթ Կոքսը համաժողովի համար պատրաստել էր մուլտիպլիկացիոն ֆիլմ, որով անդրադառնում էր ինքնակոչի համախտանիշին։
Երբևէ հանդիպե՞լ եք մարդկանց, որոնք օբյեկտիվ գնահատմամբ հաջողությունների են հասել, լավ մասնագետներ են, սակայն երբեք չեն կարողանում հպարտորեն տանել այդ դերը։
Կամ գուցե այդպիսի մարդ հենց Դո՞ւք եք։
Ինքնակոչի համախտանիշը՝ «imposter syndrome»-ը, հոգեբանական երևույթ է, որի ժամանակ մարդիկ չեն կարողանում սեփական հաջողությունը պայմանավորել սեփական որակներով, ունակություններով, ջանքերով:
Նրանք անվերջ կասկածում են, որ արժանի չեն հաջողության, որին հասել են։ Նրանց կարծիքով, ուղղակի «բախտը բերել է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել» կամ կարողացել են մյուսներին համոզել, որ խելացի են, բայց իրականում այդպես չէ:
Ինքնակոչի ֆենոմեն եզրույթն առաջին անգամ հանդիպում է 1978 թվականին Պաուլին Քլենսի և Սյուզաննա Այմսի հոդվածում, որոնք հետազոտում էին հաջողությունների հասած, բայց իրենց գերագնահատված կանանց։
Ըստ կլինիկական նկարագրի՝ համախտանիշի ժամանակ ունեցած զգացմունքները լինում են 3 տեսակի:
Կեղծողի զգացողություն, երբ թվում է՝ արժանի չեն հաջողության, շրջապատող մարդիկ սխալմամբ այդպես են կարծում: Ուղեկցող մտքերից է օրերից մի օր բացահայտվելու վախը։
Հաջողությունները պայմանավորում են ճակատագրով, բախտով, արտաքին այլ պատճառներով, բայց ոչ երբեք սեփական ջանքով կամ ունակություններով: Ուղեկցվում է վախով, որ հաջորդ անգամ ճակատագիրն ու բախտը չեն օգնի:
Սեփական հաջողության արժեզրկում, երբ կարծում են՝ աշխատանքը չափազանց հեշտ էր, ուշադրության արժանի չէր, և ցանկացած մեկը կարող էր դա անել։
Ըստ հոգեբանների՝ ինքնակոչի համախտանիշը բացարձակ չէ, քանի որ նույն մարդը կարող է տարբեր իրավիճակներում տարբեր զգացողություններ ունենալ:
Ըստ Պաուլին Քլենսի և Սյուզաննա Այմսի հետազոտության՝ հաջողության հասած հինգ հոգուց երկուսն իրենց կարծում են խաբեբա:
Սկզբնական փուլում շրջանառվում էր այն կարծիքը, որ այս համախտանիշով տառապում են մեծամասամբ կանայք և տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նման զգացողությունները բնորոշ են բոլոր մարդկանց՝ անկախ սեռից, ազգությունից և այլ հանգամանքներից։
Դրա վառ ապացույցն է գրող Նիլ Գեյմանի և դերասանուհի Էմմա Ուոթսոնի խոստովանությունը, որ իրենք էլ են հաճախ ինքնակոչի զգացողություն ունենում։
Հայտնի «The New Yorker» ամսագրում տպագրված հոդվածում կարդում ենք, որ կյանքի վերջին շրջանում Ալբերտ Էյնշթեյնը(Այնշթայնը) նույնպես տառապել է ինքնակոչի համախտանիշով։ Ընկերներից մեկի մահից մեկ ամիս առաջ ասել է. «Այն ընդգծված հարգանքը, որով շրջապատված է իմ կյանքի գործը, ստիպում է ինձ անհարմար զգալ։ Ես ինձ ակամա խաբեբա եմ զգում»։
Բազմաթիվ խորհուրդներ կան, որոնք պետք է օգնեն ազատվել կործանարար զգացողությունից։ Այդ խորհուրդների շարքում ամենակարևորը սեփական աշխատանքի և ունակությունների օբյեկտիվ գնահատումն է, առողջ քննադատությունը, որը ոչ թե ուղղված է ինքնակործանման, այլ զարգացման։
Մարի Ռաֆյան