- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆՑԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹԸ
Դեկտեմբեր 17, 2018 | 17:23
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆՑԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹԸ
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈւԽ-ն և ՈւԳԸ-ն համատեղ այսօր կազմակերպել էին մեծարման ցերեկույթ՝ նվիրված Գարեգին Ա Հովսեփյանցի 151-րդ ամյակին:
Միջոցառման հիմնական նպատակն էր ևս մեկ անգամ հիշել և մեծարել անվանի գիտնական, հայագետ, արվեստաբան, փիլիսոփայության դոկտոր և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցին:
Մեծարման ցերեկույթն անցկացվում էր Գարեգին Ա Հովսեփյանցի անվան լսարանում:
Միջոցառման ժամանակ զեկուցումներով հանդես եկան Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ներկայացնելով անվանի գիտնականի կյանքի մասին հետաքրքիր դրվագներ:
Աստվածաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սարգիս Առաքելյանն իր զեկուցման մեջ ներկայացրեց Գարեգին Ա Հովսեփյանցի կյանքը, ծավալած գիտական գործունեությունն ու այդ ճանապարհին հանդիպած խոչընդոտները:
«Գարեգին Ա Հովսեփյանցի կյանքը լի է եղել բազմաթիվ դժվարություններով, բայց նա ունեցել է ամուր կամք և ոգի, ինչի շնորհիվ կարողացել է հաղթահարել այդ խութերն ու բարդությունները: Նրա օրինակը ոգեշնչող է»,- ավելացրեց Սարգիս Առաքելյանը:
Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձավ անվանի հայագետի գիտական ու գրական ժառանգությանը:
«Անվանի հայագետի, արվեստաբանի, հոգևորականի գիտական գործունեությունը հարուստ և բազմակողմանի է, հնարավոր չէ մեկ զեկուցման սահմաններում այդ ամենը թվարկել,- ասաց Աստղիկ Ավետիսյանը,- առանձնահատուկ կարևոր է վերջինիս ստեղծած հայկական ձեռագրերի 459 հիշատակարանը՝ կարևոր ծանոթագրություններով, կատարած աշխատությունները հայկական վանքերի դռների փայտե փորագրությունների մասին, ինչպես նաև պատմական ուսումնասիրությունները:
Հարցազրույցներից մեկում Շահե Սրբազանը, որը Գարեգին Ա Հովսեփյանցի ուսանողն է եղել և Աստվածաբանության ֆակուլտետի հիմադիր դեկանը, նշել է, որ Գարեգին Ա Հովսեփյանցի ամենամեծ երազանքը եղել է գիտության կիրքն աշակերտներին փոխանցելը:
Միջոցառման վերջում ելույթով հանդես եկան նաև Աստվածաբանության ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք ևս բարձր գնահատեցին Գարեգին Ա Հովսեփյանցի դերը հայ իրականության մեջ:
Անի Պողոսյան