- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Հոկտեմբեր 05, 2018 | 16:58
Մշակույթ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի և Ակադեմիական նվաճումների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ:
ԵՊՀ Չարենցի անվան լսարանը լեփ-լեցուն էր դասախոսներով, ուսանողներով, ովքեր եկել էին ունկնդրելու ֆրանսահայ շանսոնյեի երգերը:
Հուշ-ցերեկույթին ներկա էին նաև Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, երաժիշտ, երգահան, բանասեր, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանը և նրա կինը՝ Անահիտ Դաշտենցը: Ի դեպ, Անահիտ Դաշտենցը հայ գրող Խաչիկ Դաշտենցի դուստրն է:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ հայի հիշատակը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը և բեմ հրավիրեց երգահան, բանաստեղծ, ազնավուրյան երգերի թարգմանիչ և կատարող Պերճ Թյուրաբյանին:
Հարությունյանի խոսքով, Պերճ Թյուրաբյանի կողմից արված թարգմանություններն ու կատարումները եզակի են. «Դրանք արտացոլում են բանաստեղծական տեքստի բովանդակությունը»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ Ֆրանսիական բանասիրության ամբիոնը Պերճի Թյուրաբյանի «տունն է»,- «մեր ֆակուլտետը և այս ամբիոնը Պերճի տունն է: Նա սովորել, ավարտել և դասախոսել է Ֆրանսիական բանասիրության ամբիոնում, իսկ այսօր նրա ուսանողներից շատերը նստած են այս դահլիճում»:
Պերճ Թյուրաբյանն իր ելույթը սկսեց Շառլ Ազնավուրի «Տեսնում էի արդեն» երգով, այնուհետև հնչեցին «Դեռ երեկ», «Հոգելույս իմ սեր», «Իմ գլխացավանք» և այլ երգեր, որոնք ներկաներին տեղափոխեցին ազնավուրյան երգարվեստի նուրբ աշխարհ, իսկ անդադար հնչող ծափերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ազնավուրյան երգերը հարատև են: