- Գլխավոր
- Նորություններ
- Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
Նոյեմբեր 07, 2018 | 14:18
Հասարակություն
Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
2018 թ.-ի սեպտեմբերի 19-ին վախճանվեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող Լևոն Խաչիկի Մուրադյանը:
Մարդ, որն իր ողջ կյանքն ապրեց մեծ գիտնականի առաքելությամբ, ոգու անսպառ ուժով ու նվիրումով` ծառայելով գիտությանն ու հայրենիքին: Նրա վարակիչ կենսախնդությունն ու լավատեսությունը վաղվա օրվա լույսը տեսնելու անկոտրում հավատ էր իր և իր գործընկերների համար: Դա հատկապես դրսևորվեց անցած դարավերջի անցումային տարիներին, երբ ոչ միայն գիտությունը, այլև ողջ տնտեսությունն էր գտնվում ծանր վիճակում: Այդ ժամանակահատվածի նրա բազմավեկտոր գործունեությունը ներառում էր նոր միջազգային կապերի, դրամաշնորհային ծրագրերի համառ և անդադար որոնումներ՝ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու և նոր ծրագրեր բացելու համար:
Նրա տասնյակից ավելի աշակերտների զգալի մասը հաստատվել և ներկայումս հաջողությամբ աշխատում է հայաստանյան և արտերկրի հայտնի գիտական կենտրոններում։ Անուրանալի է Լևոն Մուրադյանի ներդրումը ժամանակակից գերարագ օպտիկայի և լազերային ֆիզիկայի կարևոր այնպիսի ուղղությունների հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են ֆեմտովայրկյանային ժամանակային սանդղակում ազդանշանի գեներացումը, կառավարումը և գրանցումը, սոլիտոնային և սիմիլարիտոնային իմպուլսների ձևավորումը, փոխազդեցությունը:
Նա զգալի ներդրում ունի նաև ԵՊՀ միջազգային կապերի զարգացման ու ընդլայնման, ինչպես նաև գիտություն-արտադրություն կապի, այն է՝ հետազոտությունների արդյունքներն արտադրության մեջ ներդնելու խթանման գործում, նորարարական բարձր տեխնոլոգիական սարքերի սկզբունքների մշակման տեսանկյունից:
Կիրառական բնույթի աշխատանքների շնորհիվ Լևոն Մուրադյանը ստացել է 7 արտոնագիր գերարագ օպտիկայի և մանրաթելային օպտիկայի բնագավառում: Նա ավելի քան 200 գիտական հրապարակումների հեղինակ է, մի շարք միջազգային գիտական համաժողովների կազմկոմիտեի անդամ, ստացել և ղեկավարել է միջազգային և տեղական անհատական, խմբային դրամաշնորհներ, որոնց թիվը տասնյակից ավելի է:
Ծանր, ցավալի և անդառնալի կորստի գիտակցումն առավել խորն ընկալելի է դարձնում հաճախ օգտագործվող բառերի և բառակապակցությունների խորքային իմաստը: Հոգին ավանդեց: Մարմինը, նրա ջերմությունը, մշտական ժպիտը լքեցին մեզ, և մնաց միայն նրա ավանդած հոգին:
Ցանկացած կորուստ անդառնալի է. առավել ևս ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում, բյուր անկատար, անավարտ մնացած գաղափարների և կյանքի դեռևս չվայելած հաճույքների առկայության պայմաններում:
Սիրով և ջերմությամբ պահենք նրա՝ մեզ բոլորիս ավանդած հոգին: Բարի հիշատակ, մեր սիրելի՛ ընկեր: Համոզված ենք՝ մոռացության շղարշն անզոր կլինի խամրելու քո կենսախինդ ժպիտը ....
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Ռ․ Ս․ Հակոբյան
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ տնօրեն, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Ռ․ Բ․ Ալլահվերդյան
Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու Ա․ Ա․ Կուտուզյան
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Լ․ Ս․ Ասլանյան