- Գլխավոր
- Նորություններ
- ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
Հոկտեմբեր 15, 2018 | 18:13
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
Չեխոսլովակիայի անկախ պետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն այսօր բացվեց ԵՊՀ գրադարանի նախասրահում:
Բացման արարողությանը ներկա էր ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, ով առանձնահատուկ անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով, որ չնայած պատմական բոլոր դժվարություններին, չեխերն ու սլովակները՝ այս երկու սլավոնական ազգերը, որոնք ժամանակին մեկ պետություն են ունեցել, հիմա արդեն երկու տարբեր պետություններ ունեն, որոնց միավորում են սլավոնական ծագումն ու եվրոպական արժեքները:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Վրաստանի, Ճապոնիայի և այլ երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, ԵՊՀ պրոռեկտորներ, քաղաքական գործիչներ, հյուրեր:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը ԵՊՀ-ում արդեն ավանդույթ է դարձել: Այսօրինակ ցուցահանդեսներն այն երևույթի վառ ապացույցն են, որ Մայր բուհը հանրային կյանքի կարևոր մասն է կազմում:
«Մենք միշտ էլ մեծագույն հաճույքով ենք համագործակցում դեսպանատների հետ, քանի որ այն նպաստում է բուհի միջազգայնացման գործընթացի կայացմանը»,- ասաց Ռ. Մարկոսյանը:
Ըստ պարոն Մարկոսյանի՝ ցուցահանդեսի թեմաներից մեկը՝ «Պրահայի գարունը», հետաքրքիր է նաև հայերիս համար՝ ուսումնասիրելու ուսանողների մասնակցությունը քաղաքական, իսկ հետո նաև հեղափոխական գործընթացներին:
Անի Պողոսյան