- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՆՈՐ» ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Դեկտեմբեր 18, 2018 | 17:26
Մշակույթ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՆՈՐ» ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր նախատոնական տրամադրություն էր: Միջազգայնագետների ակումբը կազմակերպել էր ամանորյա նախատոնական միջոցառում՝ նվիրված տարբեր երկրների մշակութային հարստություններին:
Միջազգայնագետները բաժանվել էին առանձին խմբերի՝ ներկայացնելու Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Պարսկաստանի մշակութային ժառանգությունները ու ամանորյա տոնակատարությունների առանձնահատկությունները:
Յուրաքանչյուր խմբի սեղանին դրված էր ներկայացվող երկրին բնորոշ ուտելիքի, քաղցրավենիքի և խմիչքների տեսականի, որոնցից պետք է համտեսեին հյուրերը:
Իսկ հյուրերի շարքում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսները և ուսանողներն էին:
Մինչ միջոցառման մեկնարկը՝ բացման խոսքով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Ժակ Մանուկյանը:
Վերջինս կարևորելով նմանաբնույթ միջոցառումների դերը՝ նշեց, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ ֆակուլտետային կյանքը դառնում է ավելի հետաքրքիր և ինքնատիպ:
Գերմանական տոնակատարությունների առանձնահատկություններն ու մանրամասները ներկայացրեց գերմանական խումբը: Նրանք տոնական երգի միջոցով հյուրերին տեղափոխեց ամանորյա միջավայր:
Իսպանական խմբի ուշադրության կենտրոնում իսպանական խոհանոցի նրբություններն ու իսպանական ամանորյա տոնակատարություններին բնորոշ առանձնահատկություններն էին: Դրանց շարքում «Տասներկու խաղողահատիկի» ավանդույթն էր:
Ըստ ավանդույթի, մինչև նոր տարվա մեկնարկը, իսպանացիները պետք է ուտեն տասներկու խաղողահատիկը, որոնք խորհրդանշելու են նոր տարվա 12 ամիսները: Այն հաջողակը, որը, մինչ զանգերի ավարտը, կհամտեսի 12 հատիկները, իրեն սպասվելու է հաջողակ և երջանիկ տարի:
Ինչպես նախորդ երկրներում, Ֆրանսիայում ևս տոնակատարությունները մեկնարկում են դեկտեմբերի 20-ից:
Ֆրանսիական խմբի անդամների հավաստմամբ, տոնակատարությունները Ֆրանսիայի շատ մարզերում մեկնարկում են դեկտեմբերի 6-ին:
Այդ տոնակատարությունների պարտադիր բաղադրիչը Սուրբ ծննդյան տորթկերանն է:
Խմբերի ներկայացուցիչները փաստեցին, որ մշակութային առանձնահատկությունների շարքում խորհրդանշական են ամանորյա զարդարանքները:
Եթե ֆրանսիացիները տունը զարդարում են գարնան զարթոնքն ավետող ծաղիկներով, ապա պարսիկները սեղանը զարդարում են հաջողություն, գեղեցկություն, առողջություն և հարստություն բերող 7 իրերով:
Իսկ չինացիները գունային երանգներից ընտրում են վառ կարմիրը. այն խորհրդանշում է բարեկեցություն, հարստություն, առողջություն և մարդկանց պաշտպանում է չար հրեշից:
Արաբական խմբի անդամները տեղեկացրին, որ մահմեդականները Նոր տարին սկսում են Ղուրանի ընթերցմամբ:
Միջոցառումն ամփոփեց կորեական մշակույթը ներկայացնող կորեական խումբը: