- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Հոկտեմբեր 15, 2018 | 17:03
Կրթություն
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Հոկտեմբերի 5-7-ը տեղ է ունեցել «Կենսաբազմազանություն ու վայրի բնության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներ» թեմայով ԳԱԱ 75-ամյակին նվիրված երիտասարդ գիտնականների երկրորդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվել է Ծաղկաձորում:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի կրտսեր գիտաշխատող, գիտաժողովի կազմակերպչական խմբի անդամ Լուսինե Մարգարյանը:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համատեղ ջանքերով:
Գիտաժողովին մասնակցել են 40 հայ և Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Սլովակիայից շուրջ 37 անվանի և երիտասարդ գիտնականներ:
Նրա խոսքով, միջազգային գիտաժողովը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից հետազոտություններ իրականացնող գիտնականների, ովքեր զբաղվում են բույսերի, սնկերի և կենդանիների կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության խնդիրներով:
Լուսինե Մարգարյանը պատմեց, որ երիտասարդ գիտնականները հետաքրքիր զեկուցումներով ներկայացրել են իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, իսկ այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են թեզիսների ժողովածուում:
Գիտաժողովի կազմակերպչական խմբի անդամի կարծիքով, նմանօրինակ երիտասարդական միջազգային գիտաժողովները նպաստում են կենսաբազմազանության ուսումնասիրությանն ու պահպանությանը, ինչը շատ կարևոր է և ամբողջ աշխարհում համարվում է առաջնային խնդիր. «Այսպիսի գիտաժողովները փորձի փոխանակման լավ հարթակ են, ինչպես նաև մեծ դեր են ունենում Հայաստանում բնապահպանական մի շարք միջոցառումների իրականացման համար»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան