- Գլխավոր
- Նորություններ
- «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
Հուլիս 28, 2021 | 17:08
Հասարակություն
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին:
- Տիկի՛ն Շաքարյան, լույս է տեսել Ձեր երկրորդ գիրքը: Ինչի՞ մասին է այն:
- Իմ առջև նպատակ ունենալով զարգացնելու հայալեզու մասնագիտական գրականությունը՝ ես որոշեցի ևս մեկ գիրք ներկայացնել, որում արտացոլված են մասնագիտական իմ հետազոտություններն ու վերլուծություններն արդի դարաշրջանում տեղի ունեցող զարգացումների և արդի տեղեկատվական դարաշրջանի սպառնալիքների (կեղծ լուրեր) վերաբերյալ։ Գրքում դիտարկվում են տեղեկատվական հասարակության հայեցակարգերը և զանգվածային հաղորդակցության հիմնադրույթները, ինչպես նաև լրատվամիջոցներով կիրառվող մանիպուլյացիոն տեխնոլոգիաներն ու հոգեբանական ներազդման մեթոդները։ Առանձնահատուկ վերլուծության է ենթարկվել տեղեկատվայնացման հայեցակարգը՝ ՀՀ օրինակով։
- Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ այս թեմային:
- Տեղեկատվական հասարակության թեմատիկան եղել է իմ մասնագիտական ուսումնասիրությունների տիրույթում թերևս ակադեմիական գործունեության սկզբից։ Այս համատեքստում իրականացրել եմ բազմաթիվ ուսումնասիրություններ ինչպես հայ հասարակությունում, այնպես էլ եվրոպական։ Տեղեկատվական հասարակության մոդելում մասնավորապես յուրահատուկ են հաղորդակցային գործընթացները, քանի որ վերջիններս այսօր դառնում են հասարակության կազմավորման հիմքն ու գլոբալ մրցակցության առարկան։ Ուսումնասիրությունների զգալի մասն արտացոլվել է գիտական իմ հոդվածներում, ապա նաև «ԶԼՄ սոցիոլոգիաե առարկայական ծրագրում։ Իսկ գրքում արդեն ամբողջական վերլուծություն է ներկայացվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխակերպումներից մինչև արդի մարտահրավերներ։
- Տիկի՛ն Շաքարյան, այսօր մենք տեղեկատվական հասարակության մի մա՞սն ենք: Ի՞նչ է դա ենթադրում:
- Այսօր ամբողջ աշխարհը կարելի է բնութագրել որպես «Գլոբալ գյուղե Մակկլյուենի տերմինաբանությամբ, հետևապես մենք էլ այդ գլոբալ տեղեկատվական գյուղի համակարգերից մեկն ենք։ Ժամանակակից աշխարհում մրցակցության դոմինանտ առարկան այլևս նյութական հիմքը չէ։ Այսօր հաջողության բանալին գտնվում է նրանց ձեռքերում, ովքեր կարողանում են ճիշտ կառավարել տեղեկատվական հնարավորություններն ու ռեսուրսները: Այդ ամենի արդյունքում փոխվում են պետական ինքնիշխանության ապահովման ձևերը և պետությունների դերը՝ որպես միջազգային քաղաքականության սուբյեկտներ: Ինտերնետային գլոբալ ցանցի զարգացումն այսօր ստեղծում է քաղաքակրթության բնակության նոր՝ վիրտուալ միջավայր:
- Հաղորդակցության ի՞նչ մարտահրավերներ կան այսօր:
- Այսօր մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում տեղեկատվական գործոնն առաջնային նշանակություն է ձեռք բերել։ Հանրության զարգացման նախապայման լինելով՝ տեղեկատվական գործոնը միևնույն ժամանակ գլոբալ հարթությունում ընթացող տարաբնույթ (անվտանգություն, վիրտուալացում, մեդիատիզացիա, մանիպուլյացիա և այլն) մարտահրավերների ստեղծման հիմքն է։ Տեղեկատվական դարաշրջանում հասարակությունը բախվում է կեղծ լուրերի ու համայնքների նոր ձևերի՝ վիրտուալ համայնքների ձևավորմանը, որոնք նոր սպառնալիք են սոցիալականության համար:
- Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան տեղեկատվական դաշտը: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Դուք:
- Այսօր փորձ է կատարվում զարգացնելու Հայաստանյան տեղեկատվական դաշտը եվրոպական կամ ամերիկյան մոդելների հիման վրա, սակայն շատ կարևոր հարց է այդ մոդելների տեղայնացման, ոչ թե պարզապես փոխառման գործընթացը։ Այս հարցին ես մանրամասն անդրադարձ եմ կատարել իմ գրքում։ Բացի դրանից՝ Հայաստանում առկա են նաև տեղեկատվական դաշտի և ոլորտի մասնագետների կրթման ու գիտելիքների յուրացման անհամաչափ զարգացման միտումներ։
- Տեղեկատվական հոսքի պայմաններում, հատկապես սոցիալական կայքերում չխճճվելու համար մասնագետները վկայակոչում են մեդիագրագիտությունը: Ինչպե՞ս պետք է հասնել դրան՝ ըստ Ձեզ:
- Տեղեկատվական բազմազանության արդի պայմաններում զանգվածային հաղորդակցության միջոցները հեշտությամբ վերածվում են զանգվածային մանիպուլյացիայի միջոցների, մարդը սպառում է իր ակտիվ, պատասխանատու դերը սոցիալական գործընթացում և դառնում է լիովին «կառավարելիե: Այս խճանկարային մեդիա-հագեցած աշխարհում, որտեղ մեդիան ոչ միայն ստեղծում է իրականության զգացողություն, այլև ներկայացնում է իրականությունը՝ ֆրեյմավորելով իրադարձություններն ու իրավիճակները, արդիական է դառնում մեդիագրագիտությունը, որի խնդիրն է մեդիայի սպառողին դարձնել ավելի ակտիվ ու քննադատ՝ օգնելով մարդկանց ճանաչել մեդիա հաղորդագրություններում կիրառվող համոզման մեթոդները, տարբերակել քարոզչությունն օբյեկտիվ տեղեկատվությունից և վերջապես խուսափել լրատվամիջոցների բացասական ազդեցությունից։ Այս ամենից բխում է, որ մենք պետք է ունենանք քննադատական մոտեցում մեդիայի նկատմամբ, ինչը նշանակում է ևս մեկ անգամ մտածել այն ամենի մասին, ինչ տեսնում, լսում ու կարդում ենք լրատվամիջոցներում, քանի որ յուրաքանչյուր մեդիատեքստ ունի որոշակի նպատակ ու գործառույթ։ «Քննադատաբար մտածել նշանակում է անկախ մտածելե: Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունը քննադատական մտածողության սկզբնակետն է, ոչ թե եզրակետը:
- Տիկի՛ն Շաքարյան, կպատմե՞ք Ձեր առաջիկա ծրագրերի մասին:
- Առաջիկայում ունեմ բազմաթիվ գիտական և հետազոտական ծրագրեր, ինչպես նաև մասնագիտական այցեր Շվեյցարիայի ու Իսպանիայի համալսարաններ։ Առաջնային ծրագրերից է նաև բրենդինգի ոլորտում նոր գրքի տպագրությունը, որում Հայաստանյան իրականության մանրամասն վերլուծություն է լինելու։
Քնար Միսակյան