- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
Նոյեմբեր 14, 2021 | 11:00
Ուսանողական
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ:
Իր ամենամեծ ձեռքբերումը Մանեն համարում է սեփական հասարակական կազմակերպության հիմնադրումը, որը զբաղվում է մարզերում բնակվող պատանիների ու երիտասարդների աջակցության ծրագրերով:
Չնայած այսպիսի զբաղվածությանը՝ երիտասարդ ակտիվիստը չի անտեսում ուսումն ու մասնագիտական աճին նպաստող ծրագրերը. նա մասնակցել է մի շարք միջազգային ծրագրերի՝ լինելով Լիտվայում, Ուկրաինայում և Պորտուգալիայում:
«Թերևս ամենահիշարժան ծրագիրը Լիտվայում կայացած Արևելյան գործընկերության երիտասարդական 4-րդ ֆորումն էր, որտեղ Հայաստանի ներկայացուցիչների խմբում էի: Կարծում եմ՝ ապագա դիվանագետի կամ միջազգայնագետի համար շատ կարևոր են միջազգային կառույցների հետ աշխատանքն ու նրանց գործունեության ուսումնասիրությունը: Նմանօրինակ ծրագրերից շատ ունակություններ ես ձեռք բերում, նրբություններ յուրացնում, ինչը չի տալիս համալսարանական հիմնարար կրթությունը: Այս ամենի կարևոր բաղադրիչ է կամավորական աշխատանքը, որը երիտասարդներին օգտակար շփումներ ու նոր կապեր հաստատելու հնարավորություններ է ստեղծում: 2019 թ. «Էրազմուս+»-ի «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակում երկու ամիս կամավորական աշխատանք եմ կատարել Պորտուգալիայի Վիզեու քաղաքում՝ «Adamastor - Associação Cultural» երիտասարդական կենտրոնում»,- նշեց Մանե Ծատուրյանը և հավելեց, որ 2018 թվականից նաև «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամ է, որը նպաստում է ԵՄ կրթական ծրագրերի իրազեկման բարձրացմանը՝ երիտասարդներին հնարավորություն ընձեռելով ակտիվորեն մասնակցելու դրանց:
Համալսարանական կրթությունից բացի՝ Մանեն ուսանում է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, որպես ծրագրերի համակարգող՝ աշխատում է նաև միջազգային առողջապահական կազմակերպությունում, որը պայքարում է սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման արատավոր երևույթի դեմ:
44-օրյա պատերազմի ընթացքում էլ կազմակերպության նախաձեռնությամբ ու միջոցներով նյութական և հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 200 արցախցի հղիների ու նորածինների:
«Վստահ եմ, որ նույնիսկ մասնագիտական գործունեության ամենաակտիվ ժամանակաշրջանում էլ չեմ հրաժարվի հասարակական գործունեությունից, քանի որ հանրությանը պետք է վերադարձնել այն, ինչ ստացել ես: Դա իմ կյանքի կարևորագույն բաղադրիչն է լինելու: Ընդհանրապես, հասարակական ակտիվությունը պետք է յուրաքանչյուր երիտասարդի կյանքի կարևոր մասը կազմի, և կարևոր չէ՝ դա վճարովի հիմունքներով է իրականացվում, թե կամավորական սկզբունքով: Հետագայում աշխատաշուկայում քո տեղը գտնելու ու զարգանալու համար միանգամայն այլ հմտություններ են պահանջվում, ինչը կարող ես ձեռք բերել միայն գործնական ոլորտում»,- ամփոփեց Մանե Ծատուրյանը: