- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ ԾՆՈՒՆԴ Է ԱՌԵԼ ՄԱՐԴՈՒ, ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏԾՈ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ». ՖՐԱՆՉԵՍԿՈ ԱՆՅՈԼԻ
Մայիս 16, 2018 | 17:11
Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ ԾՆՈՒՆԴ Է ԱՌԵԼ ՄԱՐԴՈՒ, ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏԾՈ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ». ՖՐԱՆՉԵՍԿՈ ԱՆՅՈԼԻ
Իտալիայի Տրենտո քաղաքում ապրող և դասավանդող Ֆրանչեսկո Անյոլին իր «Հետաքննություն Քրիստոնեության մասին» գրքում, վերլուծելով համալսարանների դերն ու նշանակությունը մարդկության զարգացման գործընթացում, գրում է. «Համալսարանը քաղաքակրթության պատմության մեջ մի հստակ, օրիգինալ երևույթ է՝ միջնադարյան ամբողջ հասարակության մտքի աներևակայական թռիչքի արդյունքը: Հենց դա է վկայում այն, որ 1600 թ.-ին աշխարհում գործող համալսարանների թիվը հատում էր 100-ի սահմանը»:
Հեղինակը գրում է, որ միջնադարյան համալսարաններում մեծապես հարգվում էր խոսքի ազատությունը և հատուկ աշխատանք տարվում քննադատական մոտեցումների մշակման ուղղությամբ: Ուրբանոս Վեցերորդ Պապը 1388 թվականին հրապարակված իր Կոնդակում, որով իր բարեհաճությունն էր արտահայտում Կոլոնիայում համալսարանի հիմնման կապակցությամբ, գրում է .«Նորաբաց հաստատության գլխավոր նպատակները լինելու են գիտության տարածումը՝ տգիտության մութ ամպերը փարատելու համար, մարդկանց արարքներն ու գործերը ճշմարտության լույսով լուսավորելը: Համալսարանի սոցիալական առաքելությունն է օգտակար լինել ինչպես անհատին, այնպես էլ հասարակությանը՝ ավելացնելով մարդկանց բարեկեցությունը»:
Համալսարանի պատմությունն իսկապես սկսվում է միջնադարից: 11-րդ դարի բարձրագույն դպրոցներ են գործել Իտալիայում, 12-13-րդ դարերում ստեղծվեցին Փարիզի (1215) և Մոնպելյեի (1289, Ֆրանսիա), Քեմբրիջի (1209) և Օքսֆորդի (Անգլիա), Սալամանկայի (Իսպանիա), Լիսաբոնի (1290, Պորտուգալիա), 14-րդ դարում՝ Պրագայի (1348, Չեխիա), Կրակովի (1364, Լեհաստան), Վիեննայի (1365, Ավստրիա), Հայդելբերգի (1386, Գերմանիա), իսկ 15-րդ դարում՝ Ուպսալայի (1477, Շվեդիա), Կոպենհագենի (1479, Դանիա) համալսարանները։
Միջնադարյան համալսարանները սովորաբար բաղկացած էին արտիստական կամ արվեստների (նախապատրաստական) և երեք բարձրագույն՝ իրավունքի, բժշկական և աստվածաբանական ֆակուլտետներից։ Արվեստների ֆակուլտետում (ավելի ուշ՝ փիլիսոփայական) լատիներենով դասավանդվել են յոթ ազատ արվեստները։ Բարձրագույն ֆակուլտետներում շնորհվել են գիտությունների մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։
Համալսարաններն ունեին իրենց վարչական ինքնավարությունը, իրավասությունը և կանոնադրությունը։ Առաջին համալսարանները հաճախ ազատ մտքի, առաջավոր գիտական և գաղափարական ուղղությունների օջախներ էին դառնում։ Այդ իսկ պատճառով էլ եկեղեցին և աշխարհիկ իշխանությունները ձգտում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը համալսարանների վրա։
Միջնադարյան Հայաստանում նույնպես գործել են բարձր կարգի դպրոցներ, որոնցից մի քանիսը կոչվել են համալսարաններ, օրինակ՝ Տաթևի (9-15-րդ դարեր), Սանահինի (10-13-րդ դարեր), Անիի (11-13-րդ դարեր) և Ավագ Վանքի (15-րդ դար) համալսարանները։
Միջնադարյան հայկական համալսարաններում դասավանդվել են իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստվածաբանություն, երաժշտություն, նկարչություն, գրչություն, արվեստ։
Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919 թ-ի մայիսի 16-ին որոշում է ընդունել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ:
Համալսարանական ավանդույթներ ունեցող մեր երկրում Մայր բուհի հիմնադրմամբ սկիզբ է առնել նաև ուսանողական և երիտասարդական կյանքը, ձևավորվել են ուսանողական և երիտասարդական ավանդույթներ:
ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 8.2-րդ հոդվածի համաձայն՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, պաշտոնապես նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր:
Դեռևս 2010 թ-ի ապրիլին ԵՊՀ ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ Կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուսանողության օր ունենալու առաջարկությամբ: Դրան հաջորդել է քննարկումների շրջանը, դիտարկվել են նաև այլ տարբերակներ: Մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թ.-ի դեկտեմբերի 17-ի որոշմամբ՝ Երիտասարդության միջազգային օրը ընդունված է նշել օգոստոսի 12-ին:
Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թ.-ի օգոստոսի 12-ին: Յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի 17-ին էլ նշվում է Ուսանողության միջազգային օրը, որն ընդունվել է 1946 թվականի նոյեմբերին:
2018 թ.-ին լրանում է Երևանի պետական համալսարանի՝ Հայաստանի Մայր բուհի հիմնադրման 100-ամյակը: Շնորահավո՛ր տոնդ, սիրելի՛ համալսարան…