- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐ ԺԱՆ-ՊՈԼ ԴԸ ԳՈԴՄԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
Հոկտեմբեր 09, 2018 | 17:36
Քաղաքականություն
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐ ԺԱՆ-ՊՈԼ ԴԸ ԳՈԴՄԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան-Պոլ դը Գոդմարին:
Ժան-Պոլ դը Գոդմարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունը:
Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և որոշ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ պատմության և մասնավորապես միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացները՝ կարևորելով ֆրանսիական համալսարանների հետ փոխգործակցությունը:
«Ֆրանսիական համալսարանների հետ համագործակցությունը կարևոր դեր է խաղում բուհի միջազգայնացման գործում: Որոշ գործընկեր բուհերի հետ տասնյակ տարիների փոխգործակցության արդյունավետ փորձ ունենք»,- նշեց ռեկտորը:
Ժան-Պոլ դը Գոդմարը, ով Հայաստան է այցելել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի օրերին, կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունն ընթացող միջոցառումներին:
«Մեզ համար շատ կարևոր է այցելությունը Երևանի պետական համալսարան, քանի որ համալսարանականները նույնպես ակտիվ մասնակցություն ունեն Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներին»,- նշեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտորը:
Զավեն Հարությունյանն էլ հյուրերին պատմեց Ֆրանսիական բանասիրության ամբիոնի գործունեության մասին:
Հանդիպման վերջում կողմերը հուշանվերներ նվիրեցին միմյանց և պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագայում առավել մանրամասն քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները: