- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ն».ԿԱՐԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Հոկտեմբեր 23, 2018 | 14:03
Գիտություն
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ն».ԿԱՐԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթում հաղթողներից 5-ը ներկայացնում են ԵՊՀ-ն:
Այս մրցույթում ամենաբարձր միավորները հավաքել է Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, կենսաբ. գիտ. դոկտոր Կարեն Թռչունյանը։
Նշենք, որ վերոնշյալ մրցույթն անցկացնում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն: Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում և մասնագիտությունների գծով: Մրցույթի արդյունքում` գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) 1 տարի ժամկետով, համաֆինանսավորման սկզբունքով տրամադրվում է հավելավճար:
Մեզ հետ զրույցում Կարեն Թռչունյանը նշեց, որ այս մրցույթը խրախուսում է երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև մրցույթի նպատակն է գնահատել երիտասարդ գիտնականի անհատական արդյունավետությունը։
Նրա խոսքով, ընտրությունը կատարվում է հստակ սահմանված չափանիշներով՝ տպագրված գիտական հոդվածներ, մասնակցություն միջազգային կոնգրեսներին, բանավոր զեկուցումներ, ելույթներ ու այլն։
«Այս տարի մրցույթին մասնակցելու համար դիմել էին 68 երիտասարդ գիտաշխատող, սահմանված շեմը հաղթահարել է 22-ը: Գիտության յուրաքանչյուր բնագավառ ունի հստակ սահմանված շեմ: Այս տարի առաջին անգամ տպագրվել են նաև սահմանված շեմը հաղթահարած գիտնականների անհատական միավորները»,- ներկայացրեց ԵՊՀ դասախոս Կ. Թռչունյանը։
Նշենք, որ այս մրցույթում հաղթող ճանաչված 22 երիտասարդ գիտաշխատողներից ամենաբարձր միավորը հավաքել է Կ. Թռչունյանը. Կենսաբանական գիտությունների բնագավառում մրցույթի անցողիկ շեմը 13.5 միավորն էր, իսկ Կ. Թռչունյանը հավաքել էր 67.173 միավոր:
«Հպարտանալու ցուցանիշ է, որ երիտասարդ լավագույն գիտնականները ներկայացնում են ԵՊՀ-ն: Ապագան երիտասարդներին է: Այն բուհը, որը չունի երիտասարդ լավ կադրեր, իրավունք չունի գործունեություն ծավալելու»,- հավելեց Կ. Թռչունյանը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան