- Գլխավոր
- Նորություններ
- «LEARNING BY DOING». ԱՄՓՈՓՎԵԼ Է ՆԱԽԱԳԾԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼԸ
Դեկտեմբեր 21, 2021 | 16:02
Կրթություն
«LEARNING BY DOING». ԱՄՓՈՓՎԵԼ Է ՆԱԽԱԳԾԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈԻԽ-ն ամփոփել է «Learning by doing» ծրագրի դասընթացների փուլը, որից հետո բարձր կուրսերում սովորող մասնակիցներին տրվելու է հնարավորություն մասնագիտական պրակտիկա անցնելու մասնավոր և պետական տարբեր կառույցներում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից դեռևս 2018 թվականից իրականացվող «Learning by doing» ծրագրի նպատակն է տեսական գիտելիքներ ու գործնական նոր հմտություններ հաղորդել ուսանողներին, իսկ ծրագրի ավարտից հետո հարցազրույցի արդյունքում ուղղորդել նրանց մասնագիտական պրակտիկա անցնելու մասնավոր և պետական տարբեր կառույցներում:
Այս ծրագրի շրջանակում մասնակիցների համար, ըստ մասնագիտացումների (քաղաքացիական, վարչական և քրեական), կազմակերպվել է 15 դասընթաց, որոնք վարել են ոլորտի առաջատար մասնագետներ: Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ ծրագրին մասնակցելու համար հայտագրվել էր 103 ուսանող, որոնցից 84-ը հաջողությամբ ավարտել է գործնական դասընթացների փուլը և ստացել հավաստագրեր:
Ծրագրի ամփոփմանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, կարևորելով այս նախագիծը, փաստել է, որ այն ուսանողական լավ գաղափարի և ֆակուլտետի ստացված համագործակցության արդյունք է. «Նմանօրինակ ծրագրերը հնարավորություն են տալիս ֆակուլտետում ստացած գիտելիքները կիրառելու գործնականում և ձեռք բերել նոր հմտություններ»:
Դեկանը նշել է նաև մասնակիցների կողմից ծրագրի գնահատման կարևորությունը՝ այն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար:
Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ այն ուսանողները, որոնք ծրագրի շրջանակում անցնելու են մասնագիտական պրակտիկա, պետք է լավագույնս դրսևորեն իրենց հմտությունները, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ուսանողները հետագայում այդ կառույցներում անցնում են աշխատանքի:
Գ. Ավագյանը մեզ հետ զրույցում ծրագրի իրականացման գործում մեծապես կարևորեց ֆակուլտետի աջակցությունը՝ շեշտելով, որ պրակտիկայի կազմակերպման հարցում հիմնական աջակիցը հենց ֆակուլտետն է: