- Գլխավոր
- Նորություններ
- «LEARNING BY DOING» ԾՐԱԳԻՐԸ՝ ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբեր 06, 2021 | 12:17
Հասարակություն
«LEARNING BY DOING» ԾՐԱԳԻՐԸ՝ ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ մեկնարկել և ընթանում է «Learning by doing» ծրագիրը, որի ընթացքում ուսանողների համար կազմակերպվում են դասընթացներ, իսկ դրա ավարտին նրանց տրվելու է հնարավորություն մասնագիտական պրակտիկա անցնելու մասնավոր և պետական տարբեր կառույցներում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից դեռևս 2018 թվականից իրականացվող «Learning by doing» ծրագրի նպատակն է տեսական նոր գիտելիքներ ու գործնական նոր հմտություններ հաղորդել ուսանողներին, իսկ ծրագրի ավարտից հետո հարցազրույցի արդյունքում ուղղորդել նրանց մասնագիտական պրակտիկա անցնելու մասնավոր և պետական տարբեր կառույցներում:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ ծրագրի մասնակից ուսանողները, որոնք հաջողությամբ անցնում են մասնագիտական պրակտիկան, այդ կառույցներում աշխատանքի են ընդունվում, ինչը, ըստ էության, ծրագրի գերնպատակներից մեկն է. «Իսկ ծրագրին մասնակցող երկրորդ կուրսի ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ և ստանում դասընթացներին մասնակցության հավաստագրեր»:
ՈՒԽ նախագահը նշեց, որ այս տարի ծրագրին մասնակցում է ավելի քան 100 ուսանող, որոնց համար նախատեսված է ըստ մասնագիտացումների շուրջ 15 դասընթաց, դրանցից երեքն արդեն հաջողությամբ իրականացվել են:
Ծրագրի մեկնարկը տրվել է երեք դասընթացով՝ ըստ նախապես բաժանված մասնագիտացումների՝ քրեական, քաղաքացիական և վարչական: Ծրագրի սկզբում Գոհար Ավագյանը ներկայացրել է ուսանողների դասացուցակը՝ ըստ մասնագիտացումների, և ընդգծել դասընթացների կարևորությունը:
«Learning by doing» ծրագրի առաջին դասընթացը կազմակերպվել է «Վարչական բողոք ներկայացնելու կարգը. բողոքի ձևը» թեմայով, որին մասնակցել են քաղաքացիական և վարչական խմբերի ուսանողները: Դասընթացի բանախոսն է եղել իրավաբանական ընկերության բաժնետեր Նորայր Բալայանը: Նա ուսանողներին գործնական օրինակներով բացատրել է վարչական բողոքի ձևը, այն ներկայացնելու հնարավոր տարբերակները:
Քաղաքացիական խմբի մասնակիցների համար կազմակերպված երկրորդ դասընթացին էլ քննարկվել է կորպորատիվ սպասարկումը: Դասընթացի բանախոսն է եղել իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Տարոն Սիմոնյանը: Նա ուսանողների հետ վեր է հանել այն նրբությունները, որոնք հատուկ են կորպորատիվ հաճախորդներին, բացատրել, թե ինչ շրջանակ է իրենից ենթադրում կորպորատիվ սպասարկումը, և ինչ գործնական հմտություններ են անհրաժեշտ այն լավագույնս իրականացնելու համար:
«Փաստաբանական հմտությունները և ապացուցման առանձնահատկությունները քրեական դատավարությունում» թեմայով երրորդ դասախոսությունը կազմակերպվել է արդեն քրեական խմբի մասնակիցների համար: Դասընթացի բանախոս, փաստաբան, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոս Հայկ Ալումյանը մասնակիցներին գործնական օրինակներով բացատրել է քրեական դատավարությունում փաստաբանի կարգավիճակի առանձնահատկությունները, փաստաբան-վստահորդ հարաբերությունները, ապացուցման շրջանակում փաստաբանի գործողությունների հաջորդականությունը և գործի ուսումնասիրության նրբությունները:
«Յուրաքանչյուր գործ ուսումնասիրեք այնպես, ինչպես առաջին անգամ: Չթողնեք, որ ձեր ներքին համոզմունքը խանգարի արդարադատության իրականացմանը նպաստելու ձեր առաքելությանը»,- նշել է Հայկ Ալումյանը:
Առաջիկայում անցկացվելու են ծրագրի մյուս դասընթացները: