- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆ ՔՐԻՍԹԵԼ ԿՈԼՈՄԲԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոկտեմբեր 13, 2021 | 11:51
Կրթություն
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆ ՔՐԻՍԹԵԼ ԿՈԼՈՄԲԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի է ունեցել «Մեծահասակների նյարդահոգեբանական գնահատում. նպատակը, մեթոդները և գործիքները» թեմայով դասախոսություն:
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի ու Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված դասախոսությունը վարում էր Լիոնի (Ֆրանսիա) նևրոլոգիայի հիվանդանոցի նյարդահոգեբան դոկտոր Քրիսթել Կոլոմբը:
Հանդիպմանը ներկա էին ինչպես ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ, այնպես էլ տարբեր կազմակերպություններում աշխատող պրակտիկ հոգեբաններ։
Դասընթացի ժամանակ քննարկվել են «Նյարդահոգեբանություն» մասնագիտության հիմնական դրույթները, մեթոդներն ու աշխատանքային գործիքակազմը, դրանց կիրառումը և կապն այլ գիտությունների հետ։
Դոկտոր Քրիսթել Կոլոմբն ընդգծել է այն տեսակետը, որ նյարդահոգեբանությունը նյարդագիտության և կոգնիտիվ գիտությունների խաչմերուկում է և գործում է բոլոր տարիքի անձանց համար` ներառելով և՛ երեխաներին (հետտրավմատիկ սթրես, հիպերակտիվություն, աուտիզմ), և՛ ծերերին (ցրված սկլերոզ, Ալցհեյմերի հիվանդություն)։
Նյարդահոգեբանության նպատակն է նվազեցնել հետտրավմաները և հաշմանդամությունը: Այն առավել կիրառելի է գլխուղեղային վնասվածքներ ստացած անձանց հետ աշխատանքում։
Հավելենք, որ դասախոսության ավարտին դոկտոր Քրիսթել Կոլոմբը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին:
Պատրաստեց
Վարդուհի Զաքարյանը