- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՆ-Ի ՆՈՏՐ ԴԱՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 16, 2018 | 17:49
Հասարակություն
ԱՄՆ-Ի ՆՈՏՐ ԴԱՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Կոնդենսացված միջավայրում ընթացող էկոզոթերմ պրոցեսների կիրառությունը նանոկառուցվածքի նյութերի սինթեզում» թեմայով դասախոսություն:
Դասախոսությունը կազմակերպել էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, որը վարում էր նույն ֆակուլտետի շրջանավարտ, այժմ ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Խաչատուր Մանուկյանը:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանի պատմությանը. «Նոտր Դամի համալսարանն ունի մոտ 8000 ուսանող, 4000 ասպիրանտ: Համալսարանը առաջատար է մի շարք մասնագիտություններով: Այստեղ ներկայացված են գիտության, ճարտարագիտության, արվեստի գրեթե բոլոր ճյուղերը»:
Այնուհետև պրոֆեսորն անցավ բուն դասախոսությանը՝ խոսելով այրման գործընթացների մասին, որի ուսումնասիրությամբ էլ զբաղվում է:
«Այս պահին մեր հիմնական ուսումնասիրությունները կատարվում են այրման գործընթացում տարբեր մեխանիզմների հետազոտման շուրջ: Նմանատիպ գործընթացներում կարևոր դեր ունեն ինչպես այրման ջերմաստիճանը, այնպես էլ փոխազդող նյութերի հարաբերությունը»,- ասաց բանախոսը:
Դասախոսության ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց նաև լուծույթի այրման սինթեզը, որով հնարավոր է ստանալ բազմաթիվ արժեքավոր անօրգանական նյութեր:
Վերջում բանախոսը խոսեց մի հետաքրքիր ուսումնասիրության մասին, որի հիմքում համալսարանի թանգարանային նմուշներն էին, մասնավորապես՝ հին մետաղադրամները:
«Իմ ուսանողների հետ հետաքրքիր ուսումնասիրություն կատարեցինք,- պատմեց պրոֆեսորը,- պարզվեց, որ Հռոմեական Կայսրության և Հռոմեական Հանրապետության ժամանակ արծաթյա մետաղադրամները տարբեր քանակի պղինձ են պարունակել: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ պղնձի պարունակությունը մետաղադրամներում ավելանում է Կայսրության վարած մեծ պատերազմների ժամանակաշրջանների հետ»:
Այս թեմայով ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, որին մասնակցում են նաև պատմաբաններ, և ըստ բանախոսի՝ շուտով միջազգային հեղինակավոր ամսագրում արդյունքների մասին հոդված է տպագրվելու:
Վերջում բանախոսը շնորհակալություն հայտնեց ուսանողներին և խորհուրդ տվեց լինել ստեղծարար ու հետաքրքրասեր:
Անի Պողոսյան