- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
Դեկտեմբեր 20, 2018 | 18:41
Ուսանողական
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր ամփոփվեց ՈՒԽ-ի մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի մրցենք» ծրագիրը: Շուրջ երկու ամիս 19 ֆակուլտետներ պայքարեցին մշակութային, գիտակրթական, սպորտային խաղերում և մրցույթներում:
Մրցույթն արդեն ավանդական բնույթ է կրում, և ամեն տարի առավել մեծ քանակությամբ ուսանողների է ներառում:
Մրցույթի հիմնական նպատակը՝ բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին, իրականացված է:
Գեղանկարչության, լուսանկարչության, թատրոնի, երգի, պարի մրցույթներում բացահայտվեցին տաղանդավոր ուսանողներ, որոնք հետագայում դառնալու են համալսարանական տարբեր միջոցառումների և համերգների մասնակիցներ:
Մինչ մրցանակաբաշխության մեկնարկը՝ երաժշտական կատարումներով հանդես եկան Արտյոմ Դադունցը, Մարիամ Ադամյանը և այլք:
Մրցանակաբաշխությունը մեկնարկեց գեղանկարչության մրցույթում լավագույն երեք հորիզոնականները զբաղեցրած ուսանողների պարգևատրմամբ:
Ուսանողները վրձնել էին ԵՊՀ-ն, և յուրաքանչյուրի նկարում այն նոր գեղեցկությամբ էր աչքի ընկնում:
Ըստ այդմ՝ երրորդ տեղը զբաղեցրեց Արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գալինա Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Թեհմինա Թաթիկյանը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականում Կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի Դիանա Չոբանյանն էր:
Լավագույն երեք լուսանկարիչները նույնպես լուսանկարել էին ԵՊՀ-ն: Լավագույն լուսանկարը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Ալյոնա Հովհաննիսյանինն էր, երկրորդ հորիզոնականում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողուհի Թագուհի Մեսրոպյանի լուսանկարն էր, իսկ երրորդում տեղը զբաղեցրեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Վանանդ Մխոյանի լուսանկարը:
Բեմական խոսքին և դերասանական հմտություններին լավագույնս տիրապետել էր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Ավագյանը, երկրորդ հորիզոնականում Արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Թևոսյանն էր, իսկ երրորդում՝ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Անուշ Աբրահամյանը:
Մրցանակները այդքանով չէին սահմանափակվում. ասմունքող Նարեկ Մարգարյանը ժյուրիի համակրանք մրցանակով պարգևատրեց Հասմիկ Չոբանյանին, իսկ դերասան Հայկ Աֆրիկյանի կողմից պարգևատրվեց Նարե Ծատուրյանը:
Ժողովրդական պար անվանակարգում հաղթող ճանաչվեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Մովսես Սրապյանը, երկրորդ տեղում Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Մկրտչյանն էր, իսկ երրորդում՝ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի Դիանա Եղիազարյանը:
Ժողովրդական երգում առաջատար էր Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Սեդա Թևանյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը ներկայացնող Անուշիկ Ավետիսյանը, իսկ երրորդում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Հարությունյանն էր:
Ազատ ոճի պարում հաղթանակը շնորհվեց երկու ուսանողուհիներին. Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Եղեգնի Բաբայանին և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Հովհաննիսյանին, երկրորդ տեղը զբաղեցրեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ներկայացնող Լենա Մուրադյանը, իսկ երրորդ տեղը՝ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Ֆերմանյանը:
Ազատ ոճի երգում առաջատար էր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Գյուլխասյանը, երկրորդում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողուհի Անի Աբրահամյանն էր, իսկ երրորդում՝ Պատմության ֆակուլտետը ներկայացնող Աննա Մանուկյանը:
Բացի վերոնշյալ մրցանակներից՝ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանի կողմից հատուկ մրցանակի արժանացավ Լենա Մուրադյանը:
Ի վերջո, «Արի մրցենք» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց առավելագույն միավոր հավաքած Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԻԿՄ ֆակուլտետը, իսկ երրորդ տեղում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն էր:
Անգին Խաչատրյան