- Գլխավոր
- Նորություններ
- «Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴ ԵՆ». ԻՏԱԼԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 05, 2018 | 14:48
Հասարակություն
«Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴ ԵՆ». ԻՏԱԼԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում-դասախոսություն Իտալիայի Նեապոլ քաղաքի «L'Orientale» համալսարանի պրոֆեսոր Ջանկարլո Սկիռուի հետ:
Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանն իր երախտագիտությունը հայտնեց իտալացի մասնագետին հրավերն ընդունելու համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական կլինեն:
Մեզ հետ զրույցում հանդիպման կազմակերպիչ, դոցենտ Գրիգոր Ղազարյանը նշեց, որ հանդիպման կազմակերպման գործընթացը հետաքրքրիր և խորհրդանշական է եղել:
«Ջանկարլո Սկիռուն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հայերենի բարբառների և գրաբարի նկատմամբ, ուստի մեր կապն ամրապնդվեց հենց այս ոլորտների ուսումնասիրության արդյունքում,- ասաց Գրիգոր Ղազարյանը և հավելեց,- խորհրդանշական է այն, որ այս տարի իտալերենն աշխարհին ներկայանում է «Իտալերենը և համացանցը» խորագրով, մենք էլ կապ հաստատեցինք պրոֆեսորի հետ հենց համացանցի միջոցով: Համացանցի միջոցով ընտրեցինք թեման, պայմանավորվածություն ձեռք բերեցինք, իսկ այսօր պրոֆեսորն արդեն ԵՊՀ-ում է և ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների համար դասախոսություն է կարդում»:
«Բարբառագիտություն և լեզվաբանություն» թեմայով դասախոսության ընթացքում իտալացի պրոֆեսորը խոսեց լեզվաբանության մեջ բարբառագիտական հետազոտությունների կարևորության և արդիականության մասին, ինչպես նաև անդրադարձավ իտալացի հայտնի լեզվաբան Գրացիադիո Ասկոլիի լեզվաբանությանը վերաբերող այն աշխատություններին, որոնցից սկիզբ են առել իտալերենի բարբառագիտությունն ու բարբառագիտական հետազոտությունները:
Այնուհետև Ջանկարլո Սկիռուն անդրադարձավ հայ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի աշխատություններին՝ դրանք համարելով մեծագույն ավանդ ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանական գիտության բնագավառում:
Քննարկման վերջում իտալացի պրոֆեսորը ներկաներին խոստացավ, որ նմանօրինակ գիտական քննարկումները պարբերական բնույթ կկրեն:
Անի Պողոսյան