- Գլխավոր
- Նորություններ
- ՏՎՅԱԼԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Հունիս 12, 2018 | 12:13
Կրթություն
ՏՎՅԱԼԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Ysu.am կայքը հարցազրույց է արել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի հետ:
- Պարո՛ն Գևորգյան, ո՞րն էր պատճառը, որ 2017 թվականի սեպտեմբերին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում բացվեց «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:
- Գլխավոր պատճառը այս մասնագիտության մեծ պահանջարկն էր: Մենք, IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) մեր գործընկերների հետ շուրջ վեց ամիս հետազոտելով համաշխարհային տնտեսության զարգացման միտումները, ինչպես նաև աշխատաշուկան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, եկանք այն եզրակացությանը, որ այս մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկ է ձևավորվել:
- Կպարզաբանե՞ք, թե ինչ է տվյալագիտությունը, և ինչու են այսօր այդքան պահանջված տվյալագետները:
- Տվյալների գիտությունը, օգտագործելով մաթեմատիկական, վիճակագրական մեթոդները և ալգորիթմները, տվյալների հիման վրա փորձում է բացահայտել օրինաչափություններ և իրականացնել կանխատեսումներ, որոնք անմիջականորեն կարող են օգտագործվել պրակտիկայում և բիզնեսում:
Տվյալների գիտությունը միջդիսցիպլինար մասնագիտություն է, որում համադրվում են մաթեմատիկոսի, վիճակագրագետի, բիզնես վերլուծաբանի և ծրագրավորողի ունակությունները: Բիզնես-վերլուծաբանները պատասխանատու են հետազոտության դրվածքի և իրավիճակի փոփոխությունների հետ կապված խնդրի վերաձևակերպման, վիճակագիրները՝ խնդիրը լուծելու համար մաթեմատիկական մոդելների կառուցման և գնահատման մեթոդների կիրառման, իսկ ծրագրավորողները՝ խնդրի լուծման ծրագրային ապահովման և տվյալների բազաների հետ տարվող աշխատանքի համար:
Վերջին տարիներին գրանցող և չափող բազմաթիվ սարքերի տեխնոլոգիաների զարգացումը և այդ սարքերը համացանցի ու այլ կոմունիկացիաների միջոցով իրար կապելը հանգեցրեց նրան, որ կուտակվել և ավելի բարձր տեմպերով շարունակում են կուտակվել հսկայածավալ և բազմաբնույթ տվյալներ, այսպես կոչված, «մեծ տվյալներ», որոնց վերլուծությունը և դրանցում «թաքնված» ինֆորմացիան կարող է մի քանի անգամ բարձրացնել բիզնես գործընթացների արդյունավետությունը և ունենալ նաև մակրոտնտեսական լուրջ էֆեկտ:
Քանի որ տվյալների կուտակումը աստիճանաբար մեծանում է, իսկ տվյալների կառուցվածքը ևս փոփոխվում է շատ արագ, բիզնես վերլուծաբան-մոդելավորող-ծրագրավորող ավանդական շղթան չի հասցնում արձագանքել այդ փոփոխություններին, և անհրաժեշտություն է առաջանում, որ բոլոր այս ունակություններն ունենա մեկ մասնագետ: Մեր մագիստրոսական ծրագրի գլխավոր նպատակը հենց այդպիսի մասնագետների պատրաստումն է:
- Պարո՛ն Գևորգյան, դուք նշեցիք, որ ծրագիրն իրականացվում է գործընկերների հետ: Կպատմե՞ք մի փոքր այդ մասին:
- Ծրագրի իրականացման գլխավոր նախաձեռնողն է IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), որի մասնագետների հետ մշակել ենք մեր կրթական ծրագիրը: Պետք է նշեմ, որ մասնագիտական պարապմունքների մեծ մասն այսօր իրականացվում են այդ կենտրոնում՝ օգտագործելով ինչպես նրանց դասասենյակները և տեխնիկական հնարավորությունները, այնպես էլ ծրագրային ռեսուրսները, դասավանդման մեթոդներն ու կրթական նոր տեխնոլոգիաները:
Նշեմ ևս մի կարևոր հանգամանք. մի շարք դասընթացներ և սեմինարներ իրականացվում են հենց ISTC կենտրոնի մասնագետների կողմից: Այս ամենը թույլ է տալիս օգտագործել ինչպես ԵՊՀ-ում դասավանդման ակադեմիական կրթության ավանդույթները, այնպես էլ արագ արձագանքել դասավանդման մոտեցումների և ծրագրային լուծումների նոր մեթոդներով ընձեռված հնարավորություններին և դրանք հաջողությամբ կիրառել մեր մագիստրոսական ծրագրում:
- Իսկ ինչպե՞ս կարելի է դիմել «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին:
- «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին կարելի է դիմել ըստ ԵՊՀ մագիստրոսական ծրագրերի ընդունելության կարգի:
Տեղեկություններ կարելի է ստանալ ինչպես ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից, այնպես էլ IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնից (ISTC):