- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՆԴԻՊՈՒՄ «EducationUSA» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՇՈՒՇԱՆՆԱ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՏ
Հոկտեմբեր 16, 2018 | 14:05
Հասարակություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ «EducationUSA» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՇՈՒՇԱՆՆԱ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՏ
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր ԵՊՀ գրադարանի Հովհաննես Ադամյան սրահում կազմակերպել էր հանդիպում-քննարկում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների «EducationUSA» հայաստանյան գրասենյակի կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանի հետ:
Ինչպես ներկայացրեց Շուշաննա Աբովյանը, ԱՄՆ համալսարանների միջազգային ընդունելությունը մեծամասամբ կատարվում է աշնանը:
Ներկայացնելով ԱՄՆ կրթական համակարգը՝ նա խոսեց առանցքային տարբերությունների մասին, որոնցից առաջնայինը կրթական համակարգի ապակենտրոնացումն է, այսինքն՝ չկա պետական վերահսկող օղակ, ցանկացած համալսարան ինքն է որոշում իր օրենքներն ու կանոնները: Սա փոքր-ինչ բարդություններ է ստեղծում միջազգային դիմորդների համար, քանի որ յուրաքանչյուր համալսարան ինքն է սահմանում անհրաժեշտ փաստաթղթերը և դիմելու ընթացակարգը:
Շուշաննա Աբովյանը ներկայացրեց նաև ամերիկյան համայնքային քոլեջների և համալսարանների տարբերությունները:
Անդրադառնալով ընդունելության հիմնական պահանջներին՝ նա մանրամասնեց «TOEFL» և «IELTS» թեստերի առանձնահատկությունները, մոտիվացիոն նամակի կարևորությունը և աշխատանքային փորձի անհրաժեշտությունը:
Շուշաննա Աբովյանը խոսեց նաև վիզային համակարգի հետ կապված խնդիրների մասին: Ըստ նրա՝ հաճախ են դեպքերը, երբ ուսանողները ցանկանում են կրթություն ստանալու պատրվակով լքել երկիրը, և հենց սա է գլխավոր խնդիրը, որի պատճառով դեսպանատան հարցազրուցավարները մերժում են վիզայի տրամադրումը:
Բանախոսը ներկաների ուշադրությունը հրավիրեց օտար միջավայրում ուսանելու առավելություններին: Ըստ նրա՝ այլ կրոն, մշակույթ ու կենցաղ կրող մարդկանց հետ շփումը հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր գիտելիքներ, ինչի արդյունքում փոփոխվում է մտահորիզոնը, լայնանում է աշխարհայացքը:
Քննարկման ավարտին Շուշաննա Աբովյանը խոսեց «EducationUSA» ամենամյա կրթական ցուցահանդեսի մասին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին:
Մարի Ռաֆյան