- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ
Դեկտեմբեր 04, 2019 | 14:18
«ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր հանդիպում հայտնի փաստաբան, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոս-համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
Հանդիպման թեման էր «Ինչո՞ւ ընտրել փաստաբանություն»:
Ելույթում Հայկ Ալումյանն անդրադարձավ իր մասնագիտության առավելություններին և թերություններին, խոսեց այն մարտահրավերների մասին, որոնք ապագա փաստաբանները պետք է հաղթահարեն:
Հանդիպման ընթացքում, ներկայացնելով փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունները, Հայկ Ալումյանը նշեց, որ այս մասնագիտության մեջ ոչ մի հաջորդ գործ նման չէ նախորդին և հետաքրքիր է յուրովի. «Յուրաքանչյուր գործի մեջ հաղթելու միակ տարբերակը մասնագիտական ու անձնային բոլոր հմտությունները կիրառելն ու դրանք առավելագույնս գործի մեջ ներդնելն է»:
Թվարկելով փաստաբանի մասնագիտության առավելությունները՝ Հայկ Ալումյանն առաջինն առանձնացրեց այն, որ փաստաբանի աշխատանքը երբեք չի կրկնվում, և մարդը գտնվում է միշտ հետաքրքիր պայքարի մեջ:
«Այս մասնագիտության մեջ թե՛ անհաջողությունը, թե՛ հաղթանակն անձամբ քոնն են, և նա, ով իր պարտությունները վերագրում է դատավորին, Վերաքննիչ դատարանին, Սահմանադրական դատարանի դատախազին, այդ մասնագիտության մեջ հաջողություն չի ունենա: Փաստաբանի մասնագիտությունը հնարավորություն է տալիս նաև ազնիվ ճանապարհով գումար վաստակելու»,- նշեց Հայկ Ալումյանը:
Բացի դրանից՝ ըստ նրա՝ փաստաբանի մասնագիտության գրավիչ կողմերից մեկն էլ հիերարխիայի բացակայությունն է. չկան վերադաս, վերադասի վերադաս ասվածը. «Փաստաբանությունը նաև այնպիսի մասնագիտություն է, որ մեկ անգամ ապրելով հաղթանակի զգացումը՝ մարդն ուզում է անընդհատ վերապրել այն»:
Հայկ Ալումյանի խոսքով, այժմ փաստաբանության նկատմամբ հետաքրքրությունն աճել է, և դա նկատելի է ինչպես ուսանողների, այնպես էլ հասարակության մեջ:
«Հասարակության մեջ արդեն չկա այն հնացած կարծիքը, թե փաստաբանները միայն մարդուց գումար վերցնելու և դատավորի հետ ինչ-որ բաներ պայմանավորվելու համար են»,- փաստեց բանախոսը:
Վերջինս անդրադարձավ նաև փաստաբանության վերաբերյալ միֆերին, ինչպես, օրինակ, հարցնել վստահորդին՝ արդյոք ինքը հանցագործությունը կատարե՞լ է, թե՞ ոչ:
«Անձամբ ես և այն փաստաբանները, որոնց ես ճանաչում եմ, երբեք իրենց վստահորդներին այդպիսի հարցեր չեն տալիս,- շեշտեց Հայկ Ալումյանը,- քանի որ դա վստահորդի հետ հարաբերությունների ձևավորման վատ ճանապարհ է»:
Վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերը տվեցին Հայկ Ալումյանին:
Անի Պողոսյան