- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՌԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՍՕՐ Է». ԹՈՄԱՍ ՄԱՅԵՐ ՀԱՐԹԻՆԳԵՆ
Հոկտեմբեր 17, 2018 | 18:17
Հասարակություն
«ԱՌԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՍՕՐ Է». ԹՈՄԱՍ ՄԱՅԵՐ ՀԱՐԹԻՆԳԵՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ուսանողների համար դասախոսություն կարդաց Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Թոմաս Մայեր Հարթինգենը:
Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հանդիպման ընթացքում բանախոսը շնորհակալություն հայտնեց ներկաներին Եվրոպական միության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար. «Ինձ համար հաճելի է, որ ելույթ եմ ունենում այն երիտասարդների համար, ովքեր տեսնում են Եվրոպական միության հետ համագործակցման հեռանկարները»:
Թոմաս Մայեր Հարթինգենը խոսեց նաև Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ համագործակցման ուղիների մասին. «Եվրոպական միության համար կարևոր են անդամ երկրների բարեկեցությունը և ժողովրդավարական արժեքների պահպանումը: Եթե հզոր է մեր հարևանը, ապա հզոր ենք նաև մենք. սա այն սկզբունքն է, որով մենք առաջնորդվում ենք»:
Վերջինս անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձություններին՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցածը շատ լավ հնարավորություն է ամեն ինչ բարելավելու և փոխելու համար:
«Իհարկե, այս գործում պետք է գնահատել երիտասարդների դերը: Առանց երիտասարդների հեղափոխությունը չէր լինի այնպիսին, ինչպիսին այսօր է: Երիտասարդ սերունդը պետք է լինի փոփոխությունների հիմքում»,- ասաց բանախոսը:
Անի Պողոսյան