- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԼՈՒՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Նոյեմբեր 19, 2019 | 16:04
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԼՈՒՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Շվեդիայի Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիայի անդամներին:
Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիան ուսանողական կառույց է, որի նպատակն է միավորել այն ուսանողներին, որոնք հետաքրքրված են քաղաքականությամբ, տնտեսական հարցերով և սոցիալական հիմնախնդիրներով: Բացի դրանից՝ ասոցիացիայի անդամներն իրենց գործունեության ընթացքում փորձում են կապեր հաստատել արտասահմանյան բուհերի ուսանողների հետ՝ վերջիններիս հետ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Մարտին Թովմասյանն ասաց, որ այսօր տեղի ունեցած հանդիպման նախաձեռնողները հենց ասոցիացիայի անդամներն են, որոնք կապ են հաստատել ֆակուլտետի ղեկավարության հետ և ցանկություն հայտնել այցելելու ԵՊՀ, հանդիպելու ուսանողների հետ՝ քննարկելու մասնագիտական և այլ թեմաներ:
«Կարծում եմ, որ նմանօրինակ հանդիպումները շատ օգտակար են ուսանողների համար, քանի որ դրանց ընթացքում տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում, ինչը նպաստում է նրանց աշխարհայացքի, ընդհանուր պատկերացումների ընդլայնմանն ու զարգացմանը: Բացի դրանից՝ մեր ուսանողների համար հիանալի հնարավորություն է ԵՄ անդամ երկրի քաղաքացիներից ստանալու հուզող հարցերի պատասխաններ»,- նշեց Մարտին Թովմասյանը:
Նրա փոխանցմամբ, Լունդի համալսարանի ուսանողական կառույցի ներկայացուցիչների համար ֆակուլտետի ուսանողները նախևառաջ կազմակերպել էին շրջայց համալսարանի տարածքում, որի ընթացքում նրանց ծանոթացրել են մասնաշենքերին, ապա միասին Պալեանների անվան դահլիճում մասնակցել քննարկումների, որոնց թեմաները որոշվել են նախապես:
«Ուսանողները համաձայնություն են ձեռք բերել քննարկելու հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի և Շվեդիայի քաղաքական իրադրություններին, Հայաստանի՝ հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի և Շվեդիայի միջև առկա համագործակցության հեռանկարներին»,- ասաց դեկանի տեղակալը:
Նախքան քննարկումներից անցնելը՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ողջունել է հյուրերին և արդյունավետ հանդիպում մաղթել, որից հետո ֆակուլտետի ուսանողները հյուրերին ներկայացրել են, թե ինչ կրթական ծրագրեր են իրականացվում այստեղ, և ուսանողական կյանքն առավել հետաքրքիր դարձնելու ինչ հնարավորություններ կան:
Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիայի անդամ Էլեոնորա Ռոնշթղոմը (Eleonora Rönström), որը նաև կառույցի ճանապարհորդությունների հանձնաժողովի ղեկավարն է, մեզ հետ զրույցում ասաց, որ ասոցիացիային անդամակցել կարող են համալսարանի բոլոր ուսանողները՝ անկախ մասնագիտությունից. «Մեզ միավորում են մեր հետաքրքրությունները: Ես, օրինակ, սովորում եմ Իրավագիտության ֆակուլտետում»:
Նրա փոխանցմամբ, իրենց ուսանողական կառույցը կազմված է 8 հանձնաժողովից, որոնց ընդհանուր առմամբ անդամակցում է ավելի քան 500 ուսանող. «Մեր հանձնաժողովն ամեն կիսամյակ կազմակերպում է ուսուցողական այց դեպի եվրոպական համալսարաններից որևէ մեկը՝ ուսանողների հետ քննարկելու քաղաքական հարցեր»:
«Այս անգամ որոշեցինք այցելել Հայաստան, քանի որ քիչ թե շատ ուսումնասիրելով երկրի պատմությունը և ծանոթանալով քաղաքական խնդիրներին՝ հասկացել էինք, որ ցանկանում ենք ավելի շատ տեղեկություն ստանալ և խորապես ուսումնասիրել երկրի առանձնահատկությունները»,- ասաց Էլեոնորա Ռոնշթղոմը:
Հանդիպում-քննարկման ընթացքում երկու համալսարանների ուսանողները քննարկեցին իրենց հետաքրքրող թեմաները:
Քնար Միսակյան