- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՐԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԵՐՆ ԷՐ. ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Դեկտեմբեր 06, 2019 | 15:59
Հասարակություն
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՐԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԵՐՆ ԷՐ. ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Անմահները հրամայում են…» միջոցառումը՝ նվիրված Հայ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ասպիրանտ, զոհված ազատամարտիկ Նորայր Մարությանի հիշատակին:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, Նորայր Մարությանի հարազատները, ընկերները, դասընկերներից՝ ամուսիններ Աշոտ և Լենա Սարգսյանները, «Նոր Ավարայրի մատենագիրն ու զինվորը» գրքի հեղինակ Աշոտ Պետրոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նորայր Մարությանի հիշատակը, ինչից հետո ֆակուլտետի ուսանողները խոսեցին Նորայրի՝ հիանալի մարդ, շախմատիստ և լրագրող լինելու մասին, ներկայացրին նրա կենսագրությունը, դրվագներ մարտական ծառայությունից, ընթերցեցին հատվածներ ընկերների ու հարազատների հուշերից:
«39 տարի է անցել մեր մանկությունից, բայց ես հիանալի հիշում եմ այն ամենը, ինչը կապված է Նորայրի հետ: Նրա հետ շփումը շատ հետաքրքիր էր, քանի որ Նորայրը շատ խելացի ու կարդացած էր, մենք միասին մասնակցում էինք տարբեր մրցույթների՝ թե՛ ինտելեկտուալ, թե՛ սպորտային՝ միշտ հաջողություններ գրանցելով»,- իր հուշերը ներկայացրեց Նորայրի դասընկերուհի Լենա Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենք հինգ մտերիմ ընկերներով կարծես մեկ միասնություն լինեին, իրենց անվանում էին անունների սկզբնատառերով՝ ԼԻՎԱՆ՝ Լենա, Իսկանդար, Վոլոդյա, Աշոտ և Նորայր. «Շնորհակալ եմ Նորայրի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար, նրա մյուս հարազատներին՝ նրան սիրով ու հոգատարությամբ շրջապատելու համար, ճակատագրին՝ ինձ ու մյուս ընկերներիս նման ընկեր պարգևելու համար, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին»:
Նորայրի մյուս դասընկերն էլ՝ Աշոտ Սարգսյանը, խոսեց Նորայրի լավատեսության ու հաղթանակի նկատմամբ ունեցած մեծ հավատի մասին՝ ընթերցելով նրա հուշերից:
Հուշ-ցերեկույթի ամբողջ ընթացքում ֆակուլտետի ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով և ասմունքով:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկների խոնարհեցին ԵՊՀ-ի բակում տեղադրված՝ Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների խաչքարին:
Հասմիկ Ասլանյան