- Գլխավոր
- Նորություններ
- «ERASMUS+ PRINTeL»-Ը ՆՊԱՍՏՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
Դեկտեմբեր 25, 2018 | 15:34
Կրթություն
«ERASMUS+ PRINTeL»-Ը ՆՊԱՍՏՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «ERASMUS+ PRINTeL» նախագծի մշտադիտարկում։
Մշտադիտարկմանը ներկա էին Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, կենտրոնի առաջատար մասնագետ Մարի Սանթուրջյանը, «ERASMUS+» ծրագրի համակարգողներ Լանա Կառլովան և Էդիթ Սողոմունյանը, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և պատվիրակներ եվրոպական տարբեր կազմակերպություններից։
Միջոցառման սկզբում ողջունի խոսքով հանդես եկավ «ERASMUS+» ծրագրի համակարգող Լանա Կառլովան։ Նա հակիրճ ներկայացրեց ծրագիրը և գոհունակությամբ փաստեց, որ այս այն արդարացնում է սպասելիքները։
«Եվրամիությունը ձեզ հնարավորություն է տալիս համագործակցելու եվրոպացիների, վրացիների ու բելառուսների հետ։ Այդօրինակ համագործակցությունները նպաստում են կրթության ոլորտում նորարարական սկզբունքների ներդրմանը», - ասաց Լանա Կառլովան:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը խոսեց «ERASMUS+» ծրագրի մեթոդների և գրանցած արդյունքների մասին։ Նա ասաց, որ իրենց նպատակն է խթանել դասախոսների և ուսանողների վիրտուալ շարժունությունը, դրանով նպաստել նրանց համագործակցությանը տարբեր բուհերի հետ, տարբեր երկրներում բարելավել բարձրագույն կրթության համակարգը:
«Մեր առջև 4 հիմնական խնդիր է դրված. դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացում, դասախոսների նորարարական մեթոդներով դասավանդման կարողությունների զարգացում, վիրտուալ դասավանդման և ուսումնառության ակադեմիայի ստեղծում, նորարարական դասավանդման պրակտիկայի խթանում և լավագույն փորձի տարածում»,- հավելեց պարոն Բուդաղյանը։
«ERASMUS+ PRINTeL» նախագծի մշտադիտարկման ժամանակ ելույթ ունեցան ու իրենց գրանցած արդյունքների մասին խոսեցին Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև Հայաստանի պետական ճարտարագիտական և Վանաձորի պետական
համալսարանների դասախոսները։
Մարինե Առաքելյան