- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱՆԿԻՆԻ ՆՈՐՄԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Դեկտեմբեր 09, 2019 | 15:15
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱՆԿԻՆԻ ՆՈՐՄԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել էր Չինաստանի Նանկինի նորմալ համալսարանի պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը:
Չինաստանի Նանկինի նորմալ համալսարանի պատվիրակությունը գլխավորում էր համալսարանի նախագահ, պրոֆեսոր Չեն Գուոքսիանգը:
Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը պատվիրակությանը ներկայացրեց ԵՊՀ-ի կառուցվածքը, լաբորատորիաներն ու ինստիտուտները, գործունեության ոլորտները և իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ այն ամենամեծ և ամենահին համալսարանն է Հայաստանում:
«Այս տարի մեզ համար հոբելյանական էր, քանի որ Երևանի պետական համալսարանը նշում էր հիմնադրման հարյուրամյակը,- շեշտեց Գեղամ Գևորգյանը,- արդեն հարյուր տարի է, ինչ բուհը գիտական գործունեություն է ծավալում, և մեր կարևոր նպատակներից է նաև միջազգային համագործակցության հաստատումը տարբեր երկրների համալսարանների հետ»:
Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն հայտնեց տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցելու Նանկինի նորմալ համալսարանի հետ:
Նանկինի նորմալ համալսարանի նախագահ, պրոֆեսոր Չեն Գուոքսիանգը նախ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, ապա նշեց, որ Հայաստան այցելությունը բավականին տպավորիչ է եղել:
«Ինձ համար շատ մեծ պատիվ է հյուրընկալվել ԵՊՀ-ում՝ հատկապես հիմնադրման հարյուրամյակի շրջանակում,- փաստեց պատվիրակության ղեկավարը,- պետք է նշեմ նաև, որ բավականին տպավորված եմ նաև մայրաքաղաք Երևանի գեղեցկությամբ և մշակութային արժեքներով»:
Այնուհետև պարոն Չեն Գուոքսիանգը ներկայացրեց Նանկինի նորմալ համալսարանի հիմնադրման պատմությունն ու միջազգային համագործակցության փորձը:
Վերջինիս խոսքով, համալսարանն ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների համալսարանների հետ, և պատրաստակամություն հայտնեց համագործակցելու ԵՊՀ-ի հետ փոխանակման տարբեր ծրագրերով՝ փաստելով, որ շատ ուրախ կլինեն Հայաստանից ուսանողներ ընդունել, որոնք կսովորեն չինարեն և կիրականացնեն իրենց գիտական հետազոտությունները Նանկինի նորմալ համալսարանում:
Արթուր Իսրայելյանը ներկայացրեց ԵՊՀ-ում գործող Չինագիտության կենտրոնը:
Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանն էլ պատվիրակության անդամներին պատմեց իր ղեկավարած կենտրոնի կողմից իրականացված միջազգային ծրագրերի մասին:
Հանդիպման վերջում կողմերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: