- Գլխավոր
- Նորություններ
- ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Սեպտեմբեր 05, 2019 | 10:40
Գիտություն
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից ներկայացված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծման ու «Դեղերի որակի հետազոտման և մոնիտորինգի» դեղագետ-վերլուծաբանների պատրաստման մագիստրոսական ծրագիրն արժանացել է հավանության և ստացել 600.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, որից 540.000 ԱՄՆ դոլարը տրամադրել է Համաշխարհային բանկը, իսկ 60.000 ԱՄՆ դոլարը համաֆինանսավորել է ԵՊՀ-ն:
Ծրագրի գերագույն նպատակն է միջազգային չափորոշիչներին համահունչ դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստումը, ինչը նախատեսում է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական լաբորատորիայի ստեղծում և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների և դեղերի որակի հսկման ու գնահատման նոր մագիստրոսական ծրագրի բացում:
Ծրագրի մտահղացման, անհրաժեշտության և հեռանկարների մասին ysu.am-ը զրուցել է ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԱշոտՍաղյանի հետ:
Վերջինս պարզաբանեց, որ իրենք հանրապետության դեղարտադրող ընկերություններից, դեղգործակալություններից, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից և այլ կազմակերպություններից պարբերաբար ստանում են տեղեկատվություն դեղաշուկայում առկա դեղագետ-վերլուծաբան մասնագետների մեծ պահանջարկի վերաբերյալ, ինչից և բխում է վերոնշյալ գիտաուսումնական կենտրոնի ստեղծման և մագիստրոսական ծրագրի բացման անհրաժեշտությունը:
«Մեզ անհրաժեշտ են դեղագետ-վերլուծաբաններ, որոնք կկարողանան ժամանակակից մեթոդների կիրառմամբ զբաղվել դեղերի որակի հետազոտմամբ, գնահատմամբ և մոնիտորինգի հիմնահարցերով»,- ընդգծեց Ա. Սաղյանը:
Նա նշեց, որ Հայաստանում դեղերի հետազոտմամբ և մոնիտորինգով զբաղվում է միայն Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը. «Այս ամենն ինչ-որ չափով հակասում է մենաշնորհության մասին ՀՀ օրենքին, քանի որ անհրաժեշտ են այլընտրանքային կառույցներ կամ կազմակերպություններ, որոնք նույնպես կզբաղվեն նշված գործառույթներով»:
ԱշոտՍաղյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծման փուլերը, որոնց կհաջորդեն մագիստրոսական ծրագրի բացումն ու ուսանողների ընդունելության կազմակերպումը. «Նախատեսվում է ձեռք բերել 6 նոր ժամանակակից սպեկտրադիտական սարքավորումներ և դրանք համալրել արդեն առկա 4 սարքավորումներով, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ստեղծել միջազգային պահանջներին համապատասխան գիտաուսումնական վերլուծական լաբորատորիա, որտեղ կներդրվեն ֆիզիկաքիմիական անալիզի ժամանակակից մեթոդներ, և կիրականացվեն դեղանյութերի ու դրանց բաղադրիչների կառուցվածքային հետազոտություններ, հանրապետությունում արտադրվող և ներկրվող դեղապատրաստուկների որակի հսկման ու գնահատման գործառույթներ»:
Ա. Սաղյանից հետաքրքրվեցինք՝ երբ են ավարտվելու լաբորատորիայի ստեղծման աշխատանքները, և արդյոք մասնագետները լինելու են Ֆարմացիայի ինստիտուտից:
«Գնումների գործընթացն արդեն մեկնարկել է, կատարվելու են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, որից հետո լաբորատորիան համալրվելու է անհրաժեշտ կահույքով: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 18 ամսվա ընթացքում, այսինքն՝ լաբորատորիայի կազմավորման աշխատանքներն կավարտվեն 2020 թվականի փետրվարին, այնուհետև կստեղծվի գիտաուսումնական կենտրոն, իսկ 2021 թ.-ից կգործի նոր մագիստրոսական ծրագիրը՝ «Դեղագետ- վերլուծաբան» մասնագիտացմամբ»,- պարզաբանեց վերջինս:
Նրա տեղեկացմամբ, մասնագետների գերակշռող մասը լինելու է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտից, որոնք լրացուցիչ վերապատրաստվելու են, բացի դրանից՝ գործուղումներ են նախատեսված օտարերկրյա բարձրակարգ դեղագործական ընկերություններ ու գիտական լաբորատորիաներ:
Անդրադառնալով ուսանողների ներգրավվածությանըմագիստրոսական նոր ծրագրին՝ ԵՊՀ ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ «Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստրատուրա ընդունված առավել բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները սովորելու են հենց այս ծրագրով:
Ա. Սաղյանը նշեց նաև, որ նախատեսվում է համապատասխան արտոնագրի (լիցենզիայի) ստացում՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով. «Ես համոզված եմ, որ ծրագիրն իրագործելու դեպքում կենտրոնն աստիճանաբար վերածվելու է ինքնաֆինանսավորվող կառույցի, այն դառնալու է ԵՊՀ լավագույն գիտակրթական կենտրոններից մեկը և, իհարկե, պատրաստելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրակարգ դեղագետ-վերլուծաբաններ, որոնք համալրելու են ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա աշխատաշուկան»,- ամփոփեց Ա. Սաղյանը:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը