- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՆՐԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Նոյեմբեր 29, 2019 | 13:17
Քաղաքականություն
ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՆՐԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ-ում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթ, որի նպատակի, ինչպես նաև կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ:
- Պարո՛ն Բարխուդարյան, ո՞րն է մրցույթի նպատակը, և ովքե՞ր կարող են մասնակցել դրան:
- Մրցույթի նպատակն է խթանել ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը, նպաստել արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը: Ըստ նախագծի՝ մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ում հիմնական, համատեղությամբ կամ ժամավճարային հիմունքներով դասավանդողները, որոնք տվյալ ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում դասավանդել են առնվազն 2 մասնագիտական դասընթաց:
- Ի՞նչ հաճախականությամբ է այն կազմակերպվելու, և ի՞նչ բաղադրիչներից է բաղկացած:
- Մրցույթը կազմակերպվելու և անցկացվելու է տարեկան մեկ անգամ: Այն բաղկացած է լինելու երկու բաղադրիչից: Մրցույթի առաջին բաղադրիչի շրջանակում տեղի է ունենալու մրցանակակիրների ընտրությունը, որն իրականացվելու է մրցութային ուսումնական տարում: Երկրորդ բաղադրիչի շրջանակում էլ լավագույն փորձի տարածման համար տեսաձայնագրվելու է մրցանակակիր դասախոսների առաջարկած մեկ լսարանային դասընթացի ամբողջական շարք, որն իրականացվելու է առաջին փուլին հաջորդող ուսումնական տարվա ընթացքում:
- Պարո՛ն Բարխուդարյան, ի՞նչ անվանակարգեր են սահմանվելու մրցույթին:
- Ամենամյա մրցույթի և մրցանակաբաշխության կազմակերպման ու անցկացման կարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է 4 անվանակարգում՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, բանասիրական և հասարակագիտական: Յուրաքանչյուր անվանակարգով մրցանակաբաշխությունը կազմակերպվելու և անցկացվելու է հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է լինելու ֆակուլտետների կողմից ներկայացված մասնագետներից և պրոռեկտորներից։
- Ինչպե՞ս են առաջադրվելու թեկնածուները:
- Թեկնածուների առաջադրումն իրականացվելու է համապատասխան հայտերի միջոցով՝ թղթային կամ էլեկտրոնային (առցանց) ձևաչափով: Մրցույթի մասնակցի հայտին կից ներկայացվելու են նաև համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև լրացուցիչ նյութեր, որոնք կարող են ներառել դեկանի կամ ամբիոնի վարիչի կողմից աջակցության նամակ, դասընթացի ընթացքում ուսանողների կողմից ներկայացված աշխատանքների օրինակներ, վերջին 2 տարվա ընթացքում թեկնածուի դասերին մասնակցած ուսանողների աջակցության նամակներ և այլն:
- Ի՞նչ մրցանակ է սահմանվելու մրցույթի հաղթողների համար:
- Մրցույթի հաղթողներին տրվելու են հավաստագիր և պարգևատրում՝ 300.000 ՀՀ դրամի չափով, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը: Բացի դրանից՝ մրցանակակիրները հնարավորություն են ունենալու տեսաձայնագրելու մեկ կրթական մոդուլ, որի կատարման դեպքում յուրաքանչյուրը պարգևատրվելու է 1.000.000 ՀՀ դրամի չափով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը:
Քնար Միսակյան