- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ 5 ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
Նոյեմբեր 02, 2018 | 17:39
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ 5 ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր համագործակցության պայմանագիր կնքեց Երևանի համար 54 և համար 105 ավագ դպրոցների, Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1, Հրազդանի համար 10 ավագ դպրոցների և «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը, Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը:
ԵՊՀ ռեկտորը ողջունեց հյուրերին և նշեց, որ բուհի ղեկավարությունը կարևորում է ավագ դպրոցների հետ համագործակցությունը և միշտ պատրաստակամ է նոր նախաձեռնություններ սկսելու գործում:
Ա. Սիմոնյանը տնօրեններին ներկայացրեց բուհում գործող ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների և կենտրոնների գործունեությունը, որոնց դռները միշտ բաց են ինչպես ուսանողների, այնպես էլ աշակերտների համար:
ԵՊՀ ռեկտորը և տնօրեններն ակտիվորեն քննարկեցին բուհի ու դպրոցների միջև առկա անջրպետի ու հանրակրթության առջև ծառացած խնդիրները:
Դպրոցների տնօրենները, կարևորելով Մինչհամալսարանական կրթության վարչության կատարած աշխատանքները, նշեցին, որ դրանք արդյունավետորեն ծառայում են իրենց նպատակներին:
«Լավագույն մասնագետների դասախոսությունները կողմնորոշիչ դեր են կատարում և ուղղորդում են դեպի ԵՊՀ»,- նշեց Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի տնօրեն Մետաքսյա Բաբայանը:
Երևանի համար 54 ավագ դպրոցի տնօրեն Էթերի Պետրոսյանը նշեց, որ լավագույն կրթություն ապահովելու ճանապարհը սկսվում է հանրակրթական դպրոցից:
Էթերի Պետրոսյանը կարևորեց ԵՊՀ-ի դերը հանրակրթական դպրոցում և ասաց, որ հանդիպումներն առավել արդյունավետ կանցնեն ոչ թե դասարաններում, այլ դահլիճում. լսելի կլինեն բոլորի համար. «Միաժամանակ կարևոր են նաև աշակերտների այցերը համալսարան: Թող գան ԵՊՀ, սիրեն համալսարանը և դառնան նրա մի մասնիկը»:
«Հայ-չինական բարեկամության» դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը հույս հայտնեց, որ ԵՊՀ-ի շնորհիվ չինարենի և չինական մշակույթի իմացությունը կատարելագործվելու է:
Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտորը դպրոցի տնօրեններին նվիրեց Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանը»: