- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 03, 2019 | 14:54
«ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «NEW HORIZONS OF INTERNATIONALISATION» («Միջազգայնացման նոր հեռանկարներ») թեմայով ծրագրի ամփոփիչ սեմինարը:
Սեմինարին ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Շվեդիայի Մալմո համալսարանի դոկտոր, ծրագրի համակարգող Թոմ Նիլսոնը, ինչպես նաև ծրագրի մասնակից համալսարանների ներկայացուցիչներ, հյուրեր:
Հարկ է նշել, որ «Միջազգայնացման նոր հեռանկարներ» միջազգային ծրագրին մասնակցում են 5 համալսարաններ՝ Երևանի պետական, Շվեդիայի Մալմո, Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական, Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային, Բալտիի պետական համալսարանները:
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Ալեքսանդր Մարգարովը, որը ելույթում անդրադարձավ կրթության միջազգայնացման գործընթացի առանձնահատուկ կարևորությանը:
Ներկայացնելով ԵՊՀ-ի՝ միջազգայնացման գործընթացի ռազմավարությունը՝ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ միջազգայնացումը բարձրագույն կրթության անբաժանելի մասն է, որը հնարավորություն է տալիս, բացի միջազգային և միջմշակութային շփումից, համատեղ իրականացնելու նաև գիտահետազոտական ծրագրեր:
«Մեզ համար առաջնահերթություն է տարբեր ուղղություններով միջազգային համագործակցությունների, երկկողմանի կապերի հաստատումը գործընկերների հետ, ինչպես նաև մասնակցությունը միջազգային տարբեր ծրագրերին»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:
Այնուհետև նա ներկայացրեց միջազգայնացման գործընթացի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ հատկապես առանձնացնելով կրթական ծրագրերի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու գործընթացի կարևորությունը, ինչն առաջնահերթություն է ոչ միայն ԵՊՀ-ում, այլև Հայաստանում ընդհանրապես:
Անդրադառնալով միջազգայնացման գործընթացի գնահատման չափորոշիչներին՝ բանախոսն առանձնացրեց 4-ը, որոնք վերաբերում էին բուհի քաղաքականությանը, կառուցվածքին, համագործակցության պատրաստակամությանը և միջազգայնացման գործընթացում անհրաժեշտ օտար լեզվի իմացության չափորոշիչներին:
Վերջինս ներկայացրեց նաև բուհի միջազգայնացմանը միտված ապագա քայլերը:
Սեմինարի ժամանակ ելույթ ունեցան նաև օտարերկրյա հյուրերը, որոնք ներկայացրին միջազգայնացման սեփական փորձը՝ անդրադառնալով այդ փորձի պատմությանն ու ձեռքբերումներին:
Քննարկվեցին նաև միջազգայնացման գործընթացի մարտահրավերներն ու խնդիրները:
Մեզ հետ զրույցում ծրագրի մասնակից, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը նշեց, որ միջազգայնացման գործընթացն իր համար նաև մտածողության խնդիր է:
«Շվեդիայում այդ խնդիրը չկա, որովհետև այնտեղ ուսանողների մտածողությունն արդեն իսկ միջազգային է, իրենք պատրաստ են և բաց՝ հարմարվելու տարբեր մշակույթներին, իսկ մենք խնդիր ունենք ընդլայնելու մեր ուսանողների մշակութային իրազեկության մակարդակը»,- ասաց Շուշանիկ Պարոնյանը:
Անի Պողոսյան