- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԿԵՆՍԱՋՐԱԾՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ
Հոկտեմբեր 16, 2018 | 11:04
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԿԵՆՍԱՋՐԱԾՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Օրգանական թափոններից դեպի կենսաջրածին. Թափոնների նախամշակումը և մանրէներում H2-ի արտադրության խթանման գործընթացների կարգավորումը» թեման:
Մեզ հետ զրույցում վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը ներկայացրեց գիտական թեմայի նպատակը, կարևորությունը ու կիրառական նշանակությունը: Սույն ծրագրի իրականացման համար գիտական խումբը կազմված է 5 անձից, որոնցից երկուսը երիտասարդ գիտնականներ են:
Արմեն Թռչունյանի խոսքով, վերջին տարիներին մեծ ուշադրության է արժանանում մանրէներում այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրներից մոլեկուլային ջրածնի (H2) արտադրությունը. «Մոլեկուլային ջրածինն արդյունավետ և էկոլոգիապես մաքուր էներգակիր է, որն ունի կիրառման լայն հնարավորություններ: Հետազոտություններ են ծավալվում մոլեկուլային ջրածնի արտադրությունը զարգացնելու, նրա տեխնոլոգիան բարելավելու ու վառելիքի այս տեսակն ընդգրկելու տնտեսության այլ բնագավառներում՝ մասնավորապես օգտագործելով այն ջրածնային մարտկոցներում, փոխադրամիջոցների շարժիչներում, փոքր ծավալի շարժական գեներատորներում։ Անհրաժեշտ են հստակ լուծումներ մոլեկուլային ջրածնի արտադրության ելանյութերը կամ աղբյուրները պարզելու համար, տնտեսապես մատչելի և արդյունավետ տեխնոլոգիաների մշակման նպատակով»։
Մոլեկուլային ջրածին կարելի է ստանալ տարբեր եղանակներով. քիմիական` ածխաջրածիններից կամ ջրից՝ ենթարկելով այն էլեկտրոլիզի, կամ էապես տաքացնելով՝ ենթարկելով թերմոլիզի։ Քիմիական եղանակը բարդ է, ոչ արդյունավետ և տնտեսական տեսանկյունից շահավետ չէ։ Այդ իսկ պատճառով տարածում է ստանում մոլեկուլային ջրածնի ստացումը կենսաբանական ճանապարհով:
Արմեն Թռչունյանի խոսքով, մաքուր էներգակրի անհրաժեշտությունը և օրգանական թափոնների օգտագործմամբ կենսաջրածնի արտադրությունը հեռանկարային է:
Ծրագրի ղեկավարը նշեց, որ թափոնները դժվար են յուրացվում մանրէներում և չեն կարող ուղղակի կիրառվել՝ անհրաժեշտ է թափոնների նախամշակում. «Այս նախագծում կատարվելու են ածխածնով հարուստ թափոնների ընտրություն և նախամշակման օպտիմալացում, մանրէներում կենսաջրածնի արտադրության խթանում: Հետազոտվելու են տարածված, բայց չուսումնասիրված ածխաջրերի և օրգանական թթուների առանձին և դրանց խառնուրդների մանրէների կողմից յուրացումը, առաջարկվելու են կենսաջրածնի արտադրությունը խթանելու և տևողությունը երկարաձգելու նպաստավոր խառնուրդներ»։
Ա. Թռչունյանը ընդգծեց, որ այս ծրագրի արդյունքները նպաստելու են կենսաջրածնի արտադրության մեխանիզմների պարզաբանմանը և դրա արդյունավետության խթանման նոր ուղիների մշակմանը, ինչպես նաև ունենալու են ներդրում կենսաջրածնի արտադրության տեխնոլոգիայի բարելավման մեջ. «Ինչպես նաև կմշակվեն լաբորատոր նախատիպ, օրգանական թափոնների օգտագործման նոր մոտեցում և կտրվի թափոններից ձերբազատման բնապահպանական խնդրի լուծում»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան