- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ
Սեպտեմբեր 22, 2021 | 17:01
Հասարակություն
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր ՌԴ ԱԳՆ համակարգում գործող միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ինստիտուտի քաղաքական հետազոտությունների վերլուծական լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը:
«Ինտերգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության ՀԿ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի հրավերով Հայաստանում գտնվող դիվանագետը համալսարանականներին ներկայացրեց «ՌԴ-ն Հարավային Կովկասում. սպառնալիքներն ու մարտահրավերներն արդիական հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի համար» թեմայով զեկուցումը:
«Մոսկովյան այս առաջատար վերլուծաբանին հրավիրելով ՀՀ՝ մենք նպատակ ենք ունեցել նրան հնարավորություն տալ արտահայտելու իր տեսակետներն ու կարծիքները, ինչպես նաև ներկայացնելու МГИМО-ի մշակումները տվյալ թեմայի վերաբերյալ: Մենք հնարավորություն ունենք ավելի լավ տեղեկանալու, թե մեր ուղղությամբ վերլուծական մտքի առումով ինչ է կատարվում ռուսական այս առաջատար գիտահետազոտական կենտրոնում, իսկ նրանք էլ կկարողանան ավելի ամբողջական պատկերացում կազմել մեր երկրի հասարակական մտքերի ու գաղափարների, մեր փորձագիտական հանրության մշակումների մակարդակի մասին»,- նշեց հասարակական-քաղաքական գործիչ Արամ Սաֆարյանը և հավելեց, որ Նիկոլայ Սիլաևը հանդիպումներ է ունենալու նաև հայաստանյան այլ բուհերի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ որոշում է կայացվել ֆակուլտետում ստեղծել ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն, ինչը ներկայումս խիստ արդիական է և կարևոր. «Ֆակուլտետն ունի անհրաժեշտ գիտական ներուժը տվյալ հիմնախնդիրներով զբաղվելու համար: Ուսումնասիրությունները լինելու են օբյեկտիվ ու անաչառ: Եթե մեր պատմության սխալները վեր չհանենք, դրանք ավելի վատ հետքեր են թողնելու, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի»:
Այնուհետև Նիկոլայ Սիլաև ողջունեց համալսարանականներին և նշեց, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ ԵՊՀ-ում. «Կարծում եմ լավ հնարավորություն է ինձ համար հասկանալու, թե ինչ են մտածում հայ երիտասարդները հայ-ռուսական ռազմաքաղաքական զարգացումների, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և ինչ կարծիք ունեն հայ-ռուսական ընդհանուր ապագայի մասին»:
Անդրադառնալով Հարավային Կովկասում և ընդհանրապես տարածաշրջանում ՌԴ դերակատարությանն ու անելիքներին՝ բանախոսն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմից գրեթե մեկ տարի անց էլ դեռևս շատ հարցերի պատասխաններ չկան:
«Դեռ իմաստավորման փուլ է. պետք է հասկանալ, թե ինչ ստացան պատերազմող կողմերը, ինչ դեր ստանձնեց Ռուսաստանը և ինչպես պետք է հարաբերություններ կառուցի նախևառաջ իր դաշնակից Հայաստանի հետ: Վերջին գործընթացները ստիպում են նոր մոտեցումներ որդեգրել տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո, երբ ՌԴ խաղաղապահները մտան ԼՂ, Ռուսաստանում երկու հակասական տեսակետ կար. առաջինը՝ ՌԴ-ն տարածաշրջանում որպես խաղաղապահ է առաջ եկել, կանգնեցրել է պատերազմը, ավելացրել է իր ազդեցությունն ու ռազմական ներկայությունը տարածաշրջանում, ուստի այս ամենը ՌԴ դիվանագիտական հաջողություն կարել է դիտարկել, ինչը կրկին վերահաստատեց Ռուսաստանի բարձր ռազմաքաղաքական կարգավիճակը Հարավային Կովկասում: Մյուս տեսակետն այն է, որ ՌԴ-ն արտաքին քաղաքական ոլորտում պարտություն է կրել, Թուրքիան տարածաշրջանում ձեռք է բերել միանգամայն նոր ազդեցություն և կարգավիճակ՝ թուլացնելով ՌԴ-ի դերը, քանի որ հենց Ռուսաստանի դաշնակիցն է պարտություն կրել»,- ասում է Սիլաևը և հավելում, որ մինչև պատերազմը՝ ՌԴ-ի դերը տարածաշրջանում եղել է դոմինանտ, եթե պատկերավոր ասելու լինենք, հետխորհրդային երկրներում ոչ մի հրանոթ չէր կարող կրակել առանց Ռուսաստանի թույլտվության, իսկ ով առանց թույլտվության կրակեր, լուրջ խնդիրներ կունենար:
Ըստ բանախոսի՝ այս մեխանիզմը բավականին երկար տարիներ անխափան աշխատում էր, սակայն այն այլևս չի գործում. «Բոլորն էին ասում, որ հակամարտությունը պատերազմական լուծում չունի, սակայն պատերազմը սկսվեց, այն դադարեցնելու ՌԴ-ի կոչերն անպատասխան մնացին և ունեցանք այն, ինչ ունենք: Ռուսաստանի հեղինակությունն իրականում վարկաբեկվեց: Եթե դիտարկենք մյուս խաղացողին՝ Թուրքիային, ապա Թուրքիան իր քայլերով կոնկրետ քաղաքական առաջարկ արեց Ռուսաստանին. Ռուսաստան-Թուրքիա երկխոսությունը պետք է լուծի տարաշքաշրջանային հակամարտությունները: Դիվանագիտության տեսանկյունից Թուրքիայի մասնակցությունը տվյալ պատերազմում հենց դա էր՝ միասին ղեկավարել տարածաշրջանը՝ բացառելով Մինսկի խումբը և նոր ձևաչափ ստեղծել:
Բացի Ադրբեջանից՝ տվյալ առաջարկին ոչ մեկ չարձագանքեց: Կարծում եմ, որ Թուրքիայի քաղաքականությունն Էրդողանի օրոք իր մեջ մեծ զեղծարարություն է պարունակում, իսկ ՌԴ-ն այն պետությունը չէ, որի հետ պետք է նմանօրինակ ձևով քաղաքական առաջարկ ներկայացնել՝ պատերազմ սկսել դաշնակցի դեմ: Արդյունքներից կարելի է դատել, որ Թուրքիայի համար տեղեկատվական պատերազմի արդյունքները գոհացնող են, իսկ ռազմական առումով՝ հաղթանակները մեծ չեն, քանի որ թուրք խաղաղապահներ չկան Լեռնային Ղարաբաղում, թուրքական միջնորդությունը գրեթե բացակայում է»:
Հավելենք, որ հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց նաև ներկաներին հուզող հարցերին: