ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
![Official-closing-of-the-program](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/bRZigfYZdl2Jobat6qZLjnufaU.jpg?h=bccd1fa5&itok=kWxrlovC)
Ծրագրի հիմնական թիրախային խումբը 18-40 տարեկան երիտասարդ մասնագետներն են Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 178 երիտասարդ մասնագետներ, որոնցից ընտրվել են 40-ը:
Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
Լիլիթ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ծրագրի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և նշեց, որ անձնապես գոհ է ծրագրի իրականացման ընթացքից ու արդյունքներից. «Մեզ համար ծրագիրը բավականին բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր էր: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր անձնակազմին իրենց աշխատանքը սրտացավորեն կատարելու համար»:
Անդրադառնալով ծրագրի մասնակիցներին՝ նա ասաց, որ մի մասն ակտիվ է եղել, մյուսների դեպքում ակտիվության պակաս է նկատվել, հետագայի համար խորհուրդ տվեց երբևէ անտարբեր չմնալ առկա հնարավորությունների նկատմամբ:
Այնուհետև մասնակիցներին ցուցադրվեց ծրագրի բովանդակությունն ու կատարված աշխատանքը ներկայացնող տեսանյութ:
Ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու տեսական դասընթացների և այցելություններ ու շրջայցեր կատարելու Հայաստանում գործող տարբեր կազմակերպություններ:
Հանդիսավոր արարողության վերջում ծրագրի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Անի Պողոսյան