- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ է ՍՄԱՐԹ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
Հունվար 23, 2019 | 14:32
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ է ՍՄԱՐԹ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի և Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից մշակվել է «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի առցանց ուսուցման նոր տարբերակ: Այն գործակվելու է 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակից:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսումնական գործընթացն ավելի հասանելի դարձնելու համար ստեղծված առցանց ուսուցման այս նոր տարբերակը հնարավորություն է տալիս դասընթացն անցկացնելու ոչ միայն համակարգիչներով, այլ նոր ձևաչափով՝ սմարթ հեռախոսներով:
Նրա խոսքով, «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի առցանց ուսուցման նոր տարբերում ավելացվել է ինտերակտիվ բաղադրիչ, որը թույլ է տալիս ավելի պատկերավոր դարձնել դասավանդվող նյութը, ինչպես նաև համակարգում ներդրված գիտելիքների ստուգման նոր գործիքների շնորհիվ հնարավոր կլինի ավելի անմիջական ու սերտ դարձնել դասախոս և ուսանող կապը:
Կ. Ղազարյանը ընդգծեց, որ առցանց դասավանդման այս նոր մեթոդը բխում է 2016-2020 թթ. ԵՊՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրից: «Բոլոր դասախոսները, որոնք դասավանդում են առարկան, տիրապետում են առցանց դասավանդման հմտություններին և ժամանակակից այս մեթոդով արդյունավետ իրականացնում են ուսուցումը»,- հավելեց նա:
Նշենք, որ «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի առցանց ուսուցման հիմքերը դրվել են դեռևս 2013 թվականին:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալի խոսքով, պատահական չէ, որ առցանց ուսուցման համար առաջինն ընտրվել է «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի դասավանդումը. «Առարկան ընդգրկված է ԵՊՀ-ի բոլոր մասնագիտությունների պարտադիր դասընթացների ցանկում: Ուսանողները, ձեռք բերելով գիտելիքներ և համապատասխան մտածելակերպ էկոլոգիական ժամանակակից հիմնահարցերի վերաբերյալ, կկարողանան իրենց մասնաբաժինն ունենալ այդ հիմնահարցերի լուծմանն ուղղված միջոցառումներում»:
Դասավանդող խումբը մշտապես աշխատում է նյութերի արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև մշակում է տարբեր մասնագիտությունների ուղղությամբ դասախոսություններ` հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկությունները:
Ըստ Կ. Ղազարյանի՝ նմանօրինակ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կբարձրացնի ուսուցման արդյունավետությունը, և կմոտիվացնի ուսանողներին՝ նրանց ներգրավելով կրթական գործընթացներում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան