- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼՈՒ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ
Դեկտեմբեր 14, 2018 | 16:52
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼՈՒ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում այսօր բացվեցին համաժամանակյա (սինքրոն) թարգմանության երկու լսարան՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով:
Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը, ուսանողներ:
Արամ Սիմոնյանը բացման խոսքում կարևորեց համաժամանակյա (սինքրոն) թարգմանության նոր լսարանների բացումը:
«Ռոմանագերմանական ֆակուլտետի, ինչպես նաև համալսարանի համար նմանօրինակ լսարանների բացումը շատ կարևոր է,- նշեց Արամ Սիմոնյանը,- այս ամբողջ ընթացքում մեր հիմնական մարտահրավերներից մեկը եղել է այն, որ հնարավորություն չենք ունեցել ամբողջությամբ դրսևորվելու մեր թարգմանական ներուժը: Համաժամանակյա թարգմանության լսարանների բացումը մի համեստ քայլ է իրավիճակը շտկելու, թարգմանչական նոր կադրեր պատրաստելու ուղղությամբ»:
Արամ Սիմոնյանն ավելացրեց , որ համալսարանը հատուկ դեր ունի միջմշակութային ու միջլեզվական շփումներն ապահովելու գործընթացում, և այսօրվանից հիմք է ստեղծում որակյալ կադրերի ստեղծման համար:
«Ես լիահույս եմ, որ այս երկու լսարանները մեզ հնարավորություն կտան վերականգնելու մեր թարգմանական դպրոցի ավանդույթները, և համոզված եմ, որ կգա մի օր, երբ մեր ուսանողները մեծ ներդրում կունենան մշակութային արժեքների ստեղծման և փոխանցման գործում»,-ավելացրեց Արամ Սիմոնյանը:
Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին լսարանների բացմանը մասնակցելու համար, ապա ավելացրեց, որ այսօր չափազանց կարևոր օր է բուհի, ամբիոնի և ուսանողների համար:
«Առաջին անգամ է, երբ բուհը, կարևորելով լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդները, ստեղծել է այս երկու լսարանը՝ բացարձակապես սեփական միջոցներով: Այստեղ մեծ է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դերը: Լեզվական ֆակուլտետներում նմանօրինակ որակյալ տեխնիկայով հագեցած լսարանների առկայությունը ժամանակի պահանջ է»:
Տիկին Ղազարյանն իր խոսքում կարևորեց ուսանողների մտավոր ներուժի և բուհի տեխնիկական տվյալների համապատասխանեցումը. «Օտարերկրյա ուսանողների հետ շփման փորձն ինձ թույլ է տալիս ասելու, որ մեր ուսանողները ոչնչով չեն զիջում արտասահմանցի ուսանողներին: Խնդիրը տեխնիկական հնարավորությունների մեջ է»:
Շնորհակալ էին նաև ուսանողները, քանի որ նրանք այսուհետ թարգմանչության մասին տեսական գիտելիքները համատեղելու են գործնական պարապմունքների հետ:
Անի Պողոսյան