- Գլխավոր
- Նորություններ
- ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ. ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»
Հոկտեմբեր 23, 2018 | 17:55
Հասարակություն
ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ. ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»
Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք տեսականից բացի նաև պրակտիկ գիտելիքներ են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում:
Ysu.am-ի հետ հարցազրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ, նախաձեռնության կազմակերպիչ Աննա Հակոբջանյանն ասաց, որ նախաձեռնության գաղափարը Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանինն է: Ծրագիրը հաջողվել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ղեկավարության և ամբիոնի աջակցությամբ:
Արտալսարանային դասի նպատակն ուսումնական գործընթացի գիտագործնական մոտեցումն է: Այս հանդիպման ընթացքում նախատեսված էր զբոսայց գործարանի տարածքով և մենեջմենթի վերաբերյալ մի քանի հիմնարար թեմաների քննարկում:
4-րդ կուրսի ուսանողներին դիմավորեց կոմբինատի զբոսավարի Աննա Թորոսյանը, որը նրանց ուղեկցեց «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի պատմության թանգարան: Ապագա տնտեսագետ-կառավարիչները ծանոթացան 1877 թվականին հիմնված կոնյակի-գինու-օղու կոմբինատի պատմությանը և տեղում առկա նմուշներին:
Թանգարանում ցուցադրված էին հին,« մեռած» գինիներ, տարբեր խմիչքների տասնամյակների պատմություն ունեցող տակառներ, որակավորման դիպլոմներ, տեսակավոր և հավաքածու կոնյակներ և այլն: Աննա Թովմասյանն ուսանողներին պատմեց 1899 թվականից կոմբինատի սեփականատեր Ն. Լ. Շուստովի մարկետինգային գործունեության մասին.
«Շուստովը իր կոնյակի վաճառքը խթանելու համար խնդրում է հայտնի մարդկանց գնալ տարածաշրջանի ամենահայտնի ռեստորանները, պատվիրել ամենաթանկ ուտեստներն ու իր կոնյակը: Եթե մատուցողը ասեր, որ իրենք չունեն այդ կոնյակը, ապա հայտնի դեմքը պետք է աղմուկ բարձրացներ ու լքեր ռեստորանը: Այս քայլի միջոցով հայտնի ռեստորանները սկսում են գնել Շուստովի արտադրած կոնյակը»:
Թանգարանում էքսկուրսիայի ավարտից հետո ուսանողներին ուղեկցեցին նոր և հին գինիների մառաններ: Գործարանի հին մառանն ունի մի քանի հարկ ու 15 մետր խորություն: Ամենահին տեսակի գինիների և կոնյակների պահպանման մասին պատմեց կոմբինատի գինու մառանի արտադրամասի պետ Լուսինե Շահինյանը: Վերջինիս հետ հարցուպատասխանից հետո կոմբինատի աշխատակիցներն ուսանողներին հյուրասիրեցին 74 տարվա հնություն ունեցող «Պորտֆեյն» տեսակի գինի, որի արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը (1 200 000 դրամ):
Ուսանողներն այցելեցին նաև թորման և շշալցման արտադրամասեր, որտեղ բաժնի պատասխանատուները հյուրերին ծանոթացրին նորագույն տեխնոլոգիաներով շշերի պատրաստման, շշալցման, պահեստավորման գործընթացներին:
Այցելության վերջում ուսանողները հանդիպեցին գործարանի գլխավոր տեխնոլոգ Տիգրան Խաչատրյանի հետ և հարցեր հղեցին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի գործունեության, մարկետինգային ռազմավարության, կառավարման առանձնահատկությունների և գործարանի արտաքին քաղաքականության մասին:
Նախաձեռնության կազմակերպիչն ասաց, որ նմանատիպ արտալսարանային դասեր նաև ունենում են ֆակուլտետի մագիստրանտները: Նրանք այցելում են Ազգային ժողով, ՀՀ նախարարություններ և այլն: Աննա Հակոբջանյանն հավելեց, որ ֆակուլտետը համագործակցում է նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Ռոստելեկոմ»-ի, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների ու նախարարությունների հետ:
«Նմանատիպ համագործակցությունների շրջանում փորձում ենք մեր ուսանողների իրենց ոլորտներում դարձնել ավելի մրցակցային»,- հարցազրույցի վերջում ասաց ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալը:
Մարինե Առաքելյան