- Գլխավոր
- Նորություններ
- ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ. ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Մարտ 18, 2021 | 17:24
Հասարակություն
ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ. ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նախաձեռնել է «Հետպատերազմյան իրավիճակը և Մերձավոր Արևելքը» խորագրով բանախոսությունների շարք: Պալեանների անվան դահլիճում այսօր առաջին բանախոսությամբ հանդես է եկել Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Վարդան Ոսկանյանը բանախոսության ընթացքում խոսեց Հայաստանի ներքին և արտաքին անվտանգային խնդիրներին, ռիսկերին, անդրադարձավ թշնամական պետությունների վարքագծին ու հռետորաբանությանը, ինչպես նաև ներկայացրեց, թե ինչպես են Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները հակասում մի շարք երկրների անվտանգությանը:
Խոսելով հետպատերազմյան Հայաստանի ներքին մարտահրավերների մասին՝ Վարդան Ոսկանյանը փաստեց, որ մտահոգիչ է ներկայիս հոգեբանական իրավիճակը, քանի որ հուսահատված որևէ հասարակություն չի կարող ապագային միտված ծրագիր մշակել. «Հուսալքության այս մթնոլորտը պետք է ցրել, որի համար կարևոր է հաղորդակցությունը: Դրա օրինակ է այսօրվա մեր հանդիպումը»:
Նրա հավաստմամբ, կարևոր մարտահրավերներից է որոշ ինստիտուտների խարխլումը, ոչնչացման փորձը կամ ոչնչացումը: Ամբիոնի վարիչի կարծիքով, նմանօրինակ ինստիտուտ է բանակը, որը ստեղծված է պաշտպանելու պետությունը, հողը, այլ ոչ հակառակը. «Այսօր, ըստ էության, ձևավորվում է դիսկուրս, որը փոխում է սահմանված կարգը, ինչը վտանգավոր միտում է»:
Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով արտաքին անվտանգային ռիսկերին, փաստեց, որ դրանցից են թշնամի պետությունների հավակնությունները, որոնք եթե առաջ դրսևորվում էին միայն հռետորաբանությամբ, ապա այսօր նշմարվում են կիրարկման օրինակներ:
Նա փաստեց, որ բազմաթիվ հարցեր են առաջացնում նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, պարզ չէ, թե ինչ է այն ենթադրում, և բացի դրանից՝ պարզ չէ, թե այդ ուղղությամբ ինչ գործընթացներ են տեղի ունենում, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Ներկայիս թուրքական պետականությունը, ըստ Վարդան Ոսկանյանի, խարսխված է 3 հիմանական գաղափարախոսական առանցքների շուրջ՝ «նոր օսմանականություն», «պանթուրքականություն» և սունիականություն:
Նոր օսմանականությունը ենթադրում է, որ Թուրքիան դադարում է լինել նեղ ազգային պետություն և ձգտելու է Օսմանյան Կայսրության ժառանգությանը նաև ռազմաքաղաքական առումով:
Պանթուրքականությունը ենթադրում է թուրքական ազդեցության տարածում նույնիսկ այն տարածաշրջաններում, որոնք երբևիցե չեն եղել Օսմանյան Կայսրության սահմաններում կամ դրա ազդեցության գոտում:
Գաղափարախոսական հաջորդ առանցքը՝ սունիականությունը, ենթադրում է սունիական երկրներում առաջատար դիրքի գրավում:
Վարդան Ոսկանյանը բանախոսության ընթացքում ցույց տվեց, թե այս երեք առանցքներն ինչպես են հակասում նախևառաջ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների քաղաքականությանն ու անվտանգությանը: Նա ցույց տվեց, թե այս համատեքստում դիվանագիտական ինչպիսի աշխատանքներ կարելի է իրականացնել այդ երկրների հետ ու նվազեցնել արտաքին անվտանգային ռիսկերը:
Հանդիպման ավարտին Վարդան Ոսկանյանը պատասխանեց ուսանողների հարցերին:
Քնար Միսակյան