- Գլխավոր
- Նորություններ
- ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՊՀ ԹԻՄԻՆ
Փետրվար 06, 2020 | 10:54
Հասարակություն
ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՊՀ ԹԻՄԻՆ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
Թբիլիսիում կայացած միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր այս մրցույթին մասնակցել են 110 երկրների ավելի քան 3000 համալսարաններ: ԵՊՀ թիմը դուրս է եկել եզրափակիչ փուլ:
Շնորհավորելով ուսանողներին ձեռքբերման համար՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ և հաղթանակ է մաղթել թիմին՝ նշելով, որ դրա համար պետք է ջանասիրաբար աշխատել ու պատրաստվել: Նա ասել է, որ նման հաղթանակները նույնն են, ինչ սպորտային և օլիմպիական հաղթանակները, և դրանք նույն ուշադրությանն ու վերաբերմունքին պետք է արժանանան:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն ասել է, որ թիմը բացառիկ արդյունք է գրանցել մի քանի փուլից բաղկացած այս հեղինակավոր եւ ուժեղ մրցույթում. եզրափակիչը տեղի կունենա 2020 թ. հունիսին Մոսկվայում:
Համալսարանական ուսանողները պատմել են մրցույթի և իրենց ապագա ծրագրերի մասին: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած վերաբերմունքի համար, նշելով, որ նախագահի ուշադրությունն ուսանողների համար ոգևորող է: Նա շատ էական է համարել այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը կարևորել և կարեւորում է ծրագրավորման ոլորտը, որը հեռանկարային է մեր երկրի համար:
Նախագահ Սարգսյանը վերհիշել է համամիութենական դպրոցական օլիմպիադաներին իր մասնակցության ու փորձառության մասին՝ նշելով, որ այսօր էլ կրթությունը շարունակում է մնալ մեր հզորագույն հաղթաթղթերից մեկը: Արմեն Սարգսյանը պատմել է նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) ծրագրի մասին, որն ուղղված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի առաջատար մի շարք տեխնոլոգիական ընկերությունների հետ, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացման, մաթեմատիկական մոդելավորման և այլ ուղղություններով։
Աղբյուրը՝ president.am