- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐԹԱԿ Է». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Հուլիս 04, 2019 | 09:59
Կրթություն
«ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐԹԱԿ Է». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված «Կրթության կառավարման հիմնախնդիրները բարձրագույն կրթության համակարգում» ամառային դպրոցը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, դասախոսներ, ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, հյուրեր Ավստրիայի Գրացի համալսարանից և բանախոսներ ՀՀ տարբեր բուհերից:
Ամառային դպրոցի բացման արարողությունը մեկնարկեց ԵՊՀ հիմներգով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը:
Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցում են ամառային դպրոցի աշխատանքներին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
«Մենք անդրադառնալու ենք կրթության կազմակերպման խնդիրներին և ձեռքբերումներին, ինչպես նաև հաղորդակից ենք լինելու Ավստրիայի Գրացի համալսարանի կրթության նորարարություններին՝ որպես առաջավոր փորձի փոխանակման»,- նշեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենը:
Վերջինս վստահեցրեց, որ այս ամառային դպրոցը խթանելու է հայ և օտարերկրյա գիտնական-մանկավարժների սերտ համագործակցությունը:
Հյուրերին և ներկաներին ողջունեց նաև ԵՊՀ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը.
«Երջանիկ եմ, որ շնորհավորում եմ ձեզ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, և որ հենց այս հարկի տակ միասին անցկացնելու ենք ամառային դպրոցը, զեկուցումներ ենք լսելու և քննարկումներ իրականացնելու»:
Կարևորելով բարձրագույն կրթության դերը՝ Մ. Սողոմոնյանը նշեց, որ այն կառավարելու տեսանկյունից և՛ ամենահեշտն է, և՛ ամենադժվարը:
«Այդ կառավարմանը մասնակցում են բարձր ինտելեկտ ունեցող և կրթության կազմակերպման հարցում հանձնառություն ունեցող անձինք, որը և՛ հեշտացնում, և՛ դժվարացնում է աշխատանքները»,- մեկնաբանեց ԵՊՀ պրոռեկտորը:
«Ամառային դպրոցը փորձի փոխանակման, մոտեցումների, գաղափարների ստեղծման հարթակ է: Ես համոզված եմ, որ այդ մտքերը և գաղափարներն են կերտում այն սոցիալական իրականությունը, որի պայմաններում ապրում և գործում ենք, մտքերը ծնվում են շփումներից և մարդկային հարաբերություններից, այնուհետև վերածվում են նորմերի, իսկ նորմերը ստեղծում են այդ իրականությունը»,- նշեց Մ. Սողոմոնյանը և հույս հայտնեց, որ ամառային դպրոցն իրականացնելու է իր առջև դրված առաքելությունը:
«Լիահույս եմ, որ կյանքի են կոչվելու այն գաղափարները, որոնք հաջողությամբ ներդրվելու են կրթության կառավարման համակարգում»,- ավելացրեց նա:
Ներկաներին ողջունեց և կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Ավստրիայի Գրացի համալսարանի պրոֆեսոր Յոհաննա Հոպֆները:
Վերջինս հանդես եկավ «Կրթության արժեքը և կրթության շուկայական արժեքը. անսպասելի մտքեր դժվար չափելի մեծությունների մասին» զեկուցմամբ:
Նա նշեց, որ բարձրագույն կրթությունն ուղղակիորեն կապված է երկրի զարգացվածության և տնտեսության հետ:
Հանդես գալով «Կրթության կազմակերպման ձեռքբերումներն ու խնդիրները ԵՊՀ-ում» զեկուցմամբ՝ Ն. Հարությունյանը խոսեց բուհում իրականացվող կրթական ծրագրերի, գործընթացների, ձեռքբերումների, ինչպես նաև բացթողումների մասին:
Վերջինս ամփոփ ներկայացրեց նաև սեպտեմբերին ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին կայանալիք միջոցառումների ցանկը:
Զեկուցումներով հանդես եկան նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ), Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ներկայացուցիչները:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության կազմակերպման և զարգացման առանձնահատկությունները ներկայացրեց բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ներկայացրեց «Տրանսազգային բարձրագույն կրթության առանձնահատկությունները Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի օրինակով» զեկուցումը, իսկ ԵՊԼՀ կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձավ ԵՊԼՀ-ում լեզվահասարակագիտական կրթության կազմակերպման առանձնահատկություններին:
Զեկուցումներին հաջորդեցին քննարկումը և ամառային դպրոցի փակման արարողությունը: