- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հոկտեմբեր 08, 2018 | 14:20
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը մասնակցում է «Մանրէների կենսատեխնոլոգիայի բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության ցանց» դրամաշնորհային ծրագրին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը հայտնեց, որ ծրագրի նպատակն է հիմնադրել մասնակից երկրների համալսարանների միջև «Մետաքսի ճանապարհ» գիտակրթական ցանց, որը կձգվի Եվրոպայից մինչև Չինաստան՝ ներառելով Միջին Ասիան և Կովկասը:
«Այս ծրագիրը, ըստ էության, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում արդեն երկար տարիներ գործող հիմնարար և կիրառական մանրէաբանության բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության ցանցի կատարելագործումն է՝ նոր երկրների ներգրավմամբ»,- հավելեց նա:
Նրա խոսքով, ծրագրի շրջանակում նախատեսվում է ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների փոխայցեր, միջազգային գիտաժողովների և ամառային դպրոցների կազմակերպում, կրթական նոր ծրագրերի մշակում և ներմուծում, ուսումնամեթոդական համատեղ ձեռնարկների հրատարակում:
Նշենք, որ ծրագրին դրամաշնորհ է տրամադրել Նորվեգիայի արտգործնախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության միջազգային համագործակցության կենտրոնը:
Դրամաշնորհային ծրագրում ընդգրկված են Նորվեգիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Չինաստանի մի շարք բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ և մանրէաբանական արտադրություններ:
Դրամաշնորհի հայկական կողմի համակարգող Հ. Փանոսյանը հայտնեց, որ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը կայացել է սեպտեմբերին Ղրղզստանի Ժ. Բալասագինի անվան ազգային համալսարանում:
Ծրագրի համակարգողներն աշխատաժողովի շրջանակում հանդիպել են նաև Ղրղզստանի Ժ. Բալասագինի անվան ազգային համալսարանի ռեկտորի և ղեկավար անձանց հետ, որոնք ողջունել են գիտակրթական նմանատիպ ծրագրերի մեկնարկը:
Դրամաշնորհային ծրագրում ընդգրկված երկրների ներկայացուցիչներն աշխատաժողովում ներկայացրել են «Մետաքսի ճանապարհ» գիտակրթական ծրագիր շրջանակում նախատեսված աշխատանքների ընթացքը, քննարկել են երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ուսանողների փոխանակման համար կազմվել է աշխատանքային պլան:
Նադեժդա Տեր-Աբրահամյան